14:03 , 20 հունիս, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը մինչև երեք օր առաջ փայլում էր իր շքեղությամբ: Այդ փայլը խամրեց, երբ արձանի պատվանդանին հայտնվեցին գրություններ ու պատկերներ: Համացանցը արդեն երկու օր քննարկում ու քննադատում է վանդալին: Լուսանկարի հեղինակը` Արմենը, պատահաբար տեսել է պատվանդանի վրայի գրությունն ու լուսանկարել է այն` տարածելով ֆեյսբուքով:
Արմենի խոսքով` այս երևույթը բողոքի ալիք է առաջացրել համացանցում, բայց այդ քննարկումներին պետական կառույցները չեն արձագանքել: Խոստովանում է` գրությունները չի ջնջել ու անգամ Ազատության հրապարակում մի քանի ժամ է անցկացրել` պարզելու համար, թե տարածքը հսկող ոստիկաններն ու պատասխանատուներն իրենց ինչպես կպահեն:
Վանդալիզմի ու անտարբերության հետքերով Արմնյուզի նկարահանող խումբը եղավ Ազատության հրապարակում: Արձանի ու անգամ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի վրա բազմաթիվ գրություններ կան: Սիրո խոսքեր, բայց ոչ Սպենդիարյանի հասցեին:
Սիրո խոստովանություն` Ալեքսանդր Սպենդիարյանի հաշվին: Ինչ-որ մեկի սիրահարված դեմքն ու սիրտը արդեն երեք օր այս արձանի վրա է: Չնայած քաղաքացիները մաքրել են, բայց հետքերը այնուամենայնիվ երևում են: Իսկ պատկան մարմինները չեն լվանում արձանը, քանի որ հայտնի չէ` արձանն ո՞ւմ է պատկանում, Երևանի քաղաքապետարանի՞ն, թե՞ Մշակույթի նախարարությանը: Մշակույթի նախարարությունը հայտնեց, որ չնայած հուշարձանն իրենցը չի, սակայն նախարարը խիստ մտահոգվել է կատարվածի համար ու դիմել ոստիկանություն: Քաղաքապետարանում էլ նկարը տեսել են, բայց քայլեր դեռ չեն ձեռնարկել: Մեզ հետ զրույցում քաղաքապետարանի հասարակություն հետ կապերի վարչության պետը հայտնեց, որ կատարվածը իրենք բնորոշում են մեկ բառով` վանդալիզմ:
Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին օրենքը սահմանում է, որ Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանները գտնվում են պետության պահպանության ներքո: Սակայն անհասկանալիթ մնում, ով պետք է զբաղվի հուշարձանների պահպանությամբ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ