13:39 , 20 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Երևանի Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում տեղակայված քննական կենտրոնում այսօր ներկա է գտնվել «Հայոց պատմություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննասենյակներում զրուցել քննական թեստերի և քննությունների կազմակերպման ընթացքի մասին: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
Լրագրողների հետ զրույցում Ա. Աշոտյանը, անդրադառնալով միասնական քննությունների ընթացքին, նշել է, որ ավարտական և միասնական քննությունների կազմակերպման գործընթացում երկու առաջնային խնդիր կա՝ քննություններն անցկացնել ընթացակարգերին համաձայն և ապահովել գնահատման անաչառությունը և բացառել քննական թեստերի հետ կապված դժգոհությունները:
«Առաջին փուլը, որն արդեն ավարտին է մոտենում, ես համարում եմ հաջողված. դիտարկումները ցույց են տալիս, որ քննություններն անցել են կազմակերպված, և քաղաքացիների բարձրացրած հարցերը ևս ցույց են տալիս, որ հանրության ուշադրությունը կենտրոնացված է ավելի շատ քննությունների արդյունքների, այսինքն՝ բովանդակության, քան թե ընթացակարգերի վրա: Ամենակարևորը, իհարկե, դիմորդների ցուցաբերած առաջադիմությունն է: Պետք է նշել, որ աշակերտները, հատկապես այն առարկաներից, որոնք քննական չեն, թերանում են և այստեղ գնահատման օբյեկտիվության հետ կապված դպրոցներում կան որոշակի խնդիրներ: Ակնհայտ է, որ քննական կենտրոնում կազմակերպված ընդունելության քննություններն անցնում են շատ ավելի բարձր մակարդակով, քան դպրոցների ավարտական քննությունները: Հիմնական դպրոցներում 9-րդ դասարանցիների ավարտական քննությունները ևս առավել անաչառ կազմակերպելու խնդիր ունենք: Միասնական քննությունների ընթացքը հիմնականում գոհացուցիչ է, և Գնահատման և թեստավորման կենտրոնն իր առաքելությունը կատարել է՝ օպերատիվ արձագանքելով անգամ ամենահազվադեպ հանդիպող դժգոհություններին ու քննադատություններին»,- նշել է նախարարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ