21:51 , 19 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
«ՀՀ Նախագահի այցը Վրաստան, հայկական պատվիրակությանը վրացական կողմի ցուցաբերած ջերմ ընդունելությունը, կայացած հանդիպումները, ստորագրված փաստաթղթերը, Թբիլիսիում հնչեցված հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ Հայաստանի և Վրաստանի միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները դատապարտված են էլ ավելի զարգանալուն և խորանալուն»,- այս մասին անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցին Վրաստան և հայ-վրացական հարաբերություններին, Panorama.am-ի հետ զրույցում նշեց վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Փորձագետը փաստեց, որ ՀՀ նախագահի այցը Վրաաստան կարևոր էր` ընտրված ժամանակաշրջանի առումով, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից, քանի որ «շուտով ականատես կլինենք «Մաքսային միությանը» Հայաստանի անդամակցության և Վրաստանի ու ԵՄ միջև «Ասոցացման համաձայնագրի» ստորագրման իրողությանը»:
«Տարբեր մաքսային և տնտեսական գոտիներ ինտեգրվող Հայաստանն ու Վրաստանը հայտնվելու են բոլորովին նոր իրավիճակում, և շատ կարևոր է, որ այդ շրջափուլում հայ-վրացական համագործակցության բարձր մակարդակը ոչ թե տուժի, այլ՝ ընդհակառակը՝ թևակոխի զարգացման ավելի փոխշահավետ հարթություն: Սերժ Սարգսյանի` Վրաստան կատարած այցը ցույց տվեց, որ կա երկուստեք պատրաստակամություն հայ-վրացական հարաբերությունների խորացման և համագործակցության ակտիվացման ուղղությամբ»,- ասաց Ա. Էրոյանցը:
Իր հերթին քաղաքագետ Սերգեյ Մինասյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ հայ-վրացական հարաբերություններն այս պահին պետք է լինեն առանցքային Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համար: Քաղաքագետը հարաբերությունների առանցքային լինելը նախ պայմանավորեց այն հանգամանքով, որ Հայաստանը և Վրաստանը փորձում են գնալ տարբեր տնտեսական ինտեգրման ճանապարհով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ