19:56 , 19 հունիս, 2014
Lurer.com-ը գրում է.
Մադրիդում հունիսի 19-ին տեղի է ունեցել Իսպանիայի Ֆիլիպ 6-րդ նոր թագավորի երդմնատվության արարողությունը, տեղեկացնում է երկրի ազգային հեռուստատեսությունը: Արարողությունը տեղի է ունեցել երկրի խորհրդարանի Պատգամավորների կոնգրեսում:
«Երդվում եմ՝ ազնվորեն կատարել իմ պարտականությունները և ապահովել Սահմանադրության ու օրենքների կատարումը, հարգել հպատակների ու ինքնավարությունների իրավունքները»,- նշել է թագավորը:
Այս շաբաթ ընդունված օրենքի համաձայն՝ արքայազն Ֆիլիպն Իսպանիայի թագավոր է դարձել կեսգիշերին. այդ պահին է ուժի մեջ մտել գահից հրաժարվելու վերաբերյալ նրա հոր՝ Խուան Կառլոս Առաջինի կողմից ստորագրված փաստաթուղթը:
76-ամյա Խուան Կառլոսն ինքը Պատգամավորների կոնգրեսում ներկա չի եղել: Նա միջոցառումներին կմիանա Թագավորական պալատում կայանալիք ընդունելությանը:
46-ամյա Ֆիլիպ VI-ը լավ կրթություն է ստացել Իսպանիայում, Կանադայում և ԱՄՆ-ում, ինչպես նաև զինվորական պատրաստություն է անցել բոլոր զորատեսակներում: Երկար տարիներ արքայազնը կատարել է պաշտոնական արտասահմանյան ուղևորություններ, ինչը նրան հնարավորություն է տվել անձամբ ծանոթանալու տարբեր երկրների բազմաթիվ ղեկավարների և թագավորական ընտանիքների անդամների հետ: Նա նաև այցելել է Իսպանիայի բոլոր ինքնավար մարզեր և քաջատեղյակ է նրանց հիմնախնդիրներին: Բացի այդ, Ֆիլիպն աչքի է ընկնում համեստությամբ, դատողությունների կշռադատվածությամբ, զսպվածությամբ և լավ դաստիարակությամբ: Նրա հեղինակությունն արատավորված չէ որևէ սկանդալով, իսկ արքայադուստր Լետիսիայի և երկու դուստրերի հետ ընտանեկան կյանքը սիրո և փոխադարձ խորը հարգանքի օրինակ է շատերի համար:
Դատելով հանրային կարծիքի հարցումների տվյալներից՝ նոր միապետը համակրանք է ներշնչում Իսպանիայի բնակչության մեծամասնությանը և վայելում է խոշորագույն քաղաքական կուսակցություննեերի աջակցությունը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: