19:19 , 19 հունիս, 2014
Armsport.am-ը գրում է.
Հայտնի է, որ Բուլղարիայում ավարտված օփեն մրցաշարում գերազանց արդյունքի են հասել երևանցի գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանն ու Հովհաննես Գաբուզյանը: Նրանք՝ երկուսն էլ Ոսկե ավազների ստուգատեսում 9 հնարավորից վաստակել են 7-ական միավոր և բաժանելով 1-ից 9-րդ տեղերը՝ արժանացել են համապատասխանաբար 2-րդ և 5-րդ մրցանակներին:
Armsport.am-ը զրուցեց Ոսկե Ավազների մրցաշարի փոխչեմպիոն Տիգրան Լ.Պետրոսյանի հետ։
-Եթե անկեղծ՝ համարյա համոզված էինք, որ զրուցելու ենք չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանի հետ, չէ՞ որ երկար ժամանակ միանձնյա գլխավորում էիք Գոլդեն Սանդսի մրցաշարային աղյուսակը... Ինչպե՞ս կգնահատեք Ձեր վերջին մրցելույթները։
-Ընդհանուր առմամբ, լավ էի խաղում և գոհ եմ արդյունքից։ Իհարկե, բախտս չբերեց, լրացուցիչ ցուցանիշների հաշվով, անսպասելիորեն վերջին տուրում իմ հակառակորդներից շատերը պարտվեցին և ստիպված եղա բավարարվել երկրորդ տեղով, ինչն, իհարկե, նույնպես լավ արդյունք է։
-Մրցաշարի մասնակից հայ շախմատիստների մեջ ամենահաջողակը, փաստորեն, Դուք էիք և Հովհաննես Գաբուզյանը։ Հայ շախմատիստներից՝ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն ու ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը վաստակեցին 6-ական, իսկ Վլադիմիր Պողոսյանը՝ 5 միավոր: Ընդհանուր առմամբ, քանի՞ երկրի ներկայացուցիչ էր մասնակցում Բուլղարիայի մրցաշարին։
-Եթե չեմ սխալվում, մրցաշարում հանդես էին գալիս ավելի քան 25 երկների շախմատիստներ։

-Տիգրան, շախմատային ամառն իր թեժությամբ և իրադարձություններով, կարել է ասել, ետ չի մնում ֆուտբոլային ամռանից. այս օրերին Դուբայում ընթանում են արագ (այս ձևաչափում մրցումներն արդեն ավարտվել են) և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունները, որտեղ հանդես են գալիս Ձեր ընկերները՝ Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Զավեն Անդրիասյանը։ Ի՞նչ կանխատեսումներ ունեք ԱՄԷ-ի ստուգատեսից՝ մասնավորաբար հայ շախմատիստների մասով։
-Գիտենք, որ արագ շախմատի առաջնությունն արդեն իսկ ավարտվել է, իսկ կայծակնային մրցումներն այսօր են մեկնարկում։ Տղաներին հաջողություն եմ ցանկանում։ Իհարկե, Լևոնը կարող է պայքարել մեդալների համար, իսկ մնացածի համար, կարծում եմ, լավագույն 15-ի մեջ մտնելը լավ արդյունք կլինի։
-Շարունակելով շախմատային հագեցած ամռան թեման, նշենք, որ այս օրերին Ջերմուկում անցկացվում է Ձեր մեկ այլ՝ երջանկահիշատակ ընկերոջ՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարը։ Նախատեսում ե՞ք, արդյոք, այցելել Ջերմուկ։
-Եթե անկեղծ լինեմ, ապա 22 օր տանը չեմ եղել, բայց հարմար առիթի դեպքում՝ անպայման կայցելեմ Ջերմուկ, գոնե՝ մեկ օրով։
-Հունիսյան իրադարձությունների մեջ պակաս ուշագրավ չէ նաև Մագնուս Կարլսենի սպասվելիք այցը Երևան։ Ի՞նչ կտա աշխարհի չեմպիոնի այցը Հայաստան։
-Ճիշտն ասած, Մագնուս Կարլսենի մասին իմացել եմ մի քանի օր առաջ, լրատվամիջոցներից, երևի այդ հարցին ավելի ճիշտ կլինի՝ պատասխանեն մարդիկ, ովքեր հրավիրել են նրան, քանի նրանց ծրագրերի մասին մանրամասն տեղյակ չեմ։

-Այդուհանդերձ, անհնար է չտրվել գայթակղությանն ու հարց չուղղել Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության մասին. հասցրե՞լ եք հետևել խաղային այս օրերի որոշ հանդիպումների՝ գուցե Ձեր նախընտրած թիմի մասնակցությամբ։ Աշխարհի Գավաթին ո՞վ կտիրանա այս անգամ։
-Ես մինչ այժմ կայացած ֆուտբոլային բոլոր հանդիպումներն անխտիր նայել եմ։ Ինքս՝ անձամբ երկրպագում եմ Անգլիայի հավաքականին։ Հուսով եմ, որ կկարողանան Իտալիայի կրած պարտությունից հետո դուրս գալ խմբային փուլից և շարունակելու են պայքարը։ Իհարկե, ցավում եմ իսպանացիների համար, շատ տխուր ավարտ ունեցավ նրանց համար Մունդիալ-2014-ը։
Պետք է ասեմ, որ հիացած եմ Հոլանդիայի հավաքականի ծաղով, նաև լավ տպավորություն են թողել Չիլին և Մեքսիկան, եվ, իհարկե, չմոռանանք ավանդական ֆավորիտների մասին՝ Բրազիլիայի և Արգենտինայի ընտրանիներին։ Անշուշտ, շատ հզոր թիմ ունի նաև Գերմանիան, և, կարծում եմ, հենց նշածս վերջին երեք թիմերի միջև է ծավալվելու պայքարը չեմպիոնության համար։
Իհարկե, իմ ցանկությունը կլիներ, որ այդ պայքարին միջամտեր նաև Անգլիայի հավաքականը և, ինչու ոչ, Հոլանդիան նույնպես կարող է նոր անակնկալներ մատուցել։
-Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայի համար, միգուցե, նաև ո՛չ 64 վանդակների հետ կապված։
-Հուլիսին մասնակցելու եմ Նայդորֆի հուշամրցաշարին, օգոստոսին՝ Աբու Դաբիի օփեն մրցաշարին։