17:11 , 19 հունիս, 2014
Lurer.com-ը գրում է.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության հետ համաձայն չէ երկրի բնակիչների 57 տոկոսը: Այդ մասին վկայում են NBC հեռուստաընկերության և Wall Street Journal թերթի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են հունիսի 18-ին: Սոցիոլոգները նշում են, որ այդ ցուցանիշն ամենաբարձրն է Օբամայի նախագահության ողջ ժամանակաշրջանում: Ընդսմին Սպիտակ տան ղեկավարի արտաքին քաղաքականությունը դուրս է գալիս միայն ամերիկացիների 37 տոկոսին: Հարցումն անցկացվել է դեռ նախքան Իրաքում իրադրության սրվելը:
Ընդհանուր առմամբ նախագահի պաշտոնում Օբամայի գործունեությանը այժմ հավանություն է տալիս ամերիկացիների ընդամենը 41 տոկոսը: Բացի այդ, հարցվածների 54 տոկոսն այն կարծիքին է, որ Սպիտակ տան ներկայիս ղեկավարն ընդհանրապես ի վիճակի չէ առաջնորդել երկիրը: Հակառակ կարծիքին է հարցախույզի մասնակիցների 42 տոկոսը:
Մինչդեռ հետազոտողները նշում են, որ Օբաման ամենավատ նախագահը չէ. ԱՄՆ-ի այլ ղեկավարների վարկանիշներն էլ ավելի վատ են եղել: Այսպես, 2006 թվականի հունիսին Ջորջ Բուշ Կրտսերի քաղաքականությանը հավանություն էր տալիս երկրի բնակիչների ընդամենը 36 տոկոսը: Սակայն 1998 թվականի հունիսին Բիլ Քլինթոնին աջակցում էր ամերիկացիների 60 տոկոսը, իսկ 1986 թվականի հունիսին Ռոնալդ Ռեյգանին պաշտպանում էր 64 տոկոսը:
Հարցմանը, որը հեռախոսով անցկացվել է հունիսի 11-ից մինչև 15-ը, մասնակցել են ԱՄՆ-ի շուրջ հազար չափահաս բնակիչներ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: