5 ուշագրավ պատմություն Ֆրենկ Սինատրայի մասին


16:56 , 19 հունիս, 2014

 1 Ֆրենկ Սինատրան ընդդեմ Մարլոն Բրանդոյի

04

Ֆրենկ Սինատրան մի քանի հանրահայտ ընկեր ուներ, սակայն նրա շրջապատում կար մի հանրահայտ մարդ, ում հանդեպ նա հակակրանքով էր լցված: Խոսքը Մարլոն Բրանդոյի մասին է: Այս երկու տղամարդիկ պարզապես ատում էին իրար: Նրանց թշնամանքը սկիզբ առավ 1955 թ.-ին՝ «Տղաներն ու տիկնիկները» մյուզիքլի նկարահանումների ժամանակ: Սինատրան հայտնվեց նկարահանման հրապարակում Բրանդոյի հանդեպ բացասական նախատրամադրվածությամբ: Նա հայտարարեց, որ հենց ինքը պետք է խաղար Թերի Մալոյի դերը «Նավահանգստում» կինոնկարում: Այդ դերը բաժին էր հասել Մարլոն Բրանդոյին, և վերջինս անգամ Օսկարի մրցանակ էր ստացել այդ դերի համար: Սինատրան նախանձում էր Բրանդոյին նաև այն պատճառով, որ նրան «Տղաներն ու տիկնիկները» մյուզիքլում ռոմանտիկ տղամարդու դեր էին տվել, մինչդեռ իրեն՝ զվարճալի կերպարի դեր:

Բրանդոյի մասին խոսելիս Սինատրան ասում էր, որ նրան գերագնահատում են: Երգիչը մշտապես ցանկանում էր գերազանցել Բրանդոյին: Բրանդոյի հետ աշխատելը նույնպես հեշտ չէր: Իմանալով, որ Սինատրան ատում էր միևնույն կադրում մի քանի անգամ նկարահանվել, Բրանդոն դիտավորյալ այնպես էր անում, որ իր ու Սինատրայի համատեղ տեսարանները միանգամից չստացվեին: Օրինակ՝ այն տեսարանում, երբ Սինատրան պետք է խմորեղեն ուտեր, Բրանդոն շարունակ «մոռանում» էր իր խոսքերը՝ ստիպելով Սինատրային կրկին ու կրկին խմորեղեն ուտել: Ինն անգամ միևնույն տեսարանում նկարահանվելուց ու ինը կտոր խմորեղեն ուտելուց հետո Սինատրան կորցրեց համբերությունը, զայրացած մի կողմ նետեց ափսեն, պատառաքաղը խրեց սեղանի մեջ ու հարձակվեց Բրանդոյի վրա.

Ի՞նչ ես կարծում, քանի՞ կտոր չիզքեյք կարող եմ ուտել:

 2 Ինչպես Քենեդին «քաշեց» Սինատրային

05

Թեպետ Ֆրենկ Սինատրան բազմիցս հերքել է մաֆիայի հետ ունեցած իր առնչության մասին լուրերը, բոլորն էլ գիտեն, թե որքան սերտորեն էր նա կապված մաֆիայի աշխարհի հետ: Մի քանի լուսանկարներում նա պատկերված է հայտնի մաֆիոզ Գամբինոյի հետ: Սինատրան իրոք հանցագո՞րծ էր, թե նա պարզապես սիրում էր ժամանակ անցկացնել գողական հեղինակությունների հետ: Ինչ էլ որ պատասխանեք, անհերքելի է, որ նա երկրի ամենահզոր մարդկանց հետ միասին ներքաշված էր որոշ մութ գործարքների մեջ: Սրանում համոզվելու համար բավական է վերհիշել, թե ինչպես էր Քենեդին միջնորդի դեր կատարում «Chicago Outfit» հանցավոր խմբավորման ու Քենդիների միջև:

1960 թ.-ին Ջոն Քենեդին առաջադրվել էր իբրև ԱՄՆ-ի նախագահի թեկնածու: Նրա հայրը ցանկանում էր լրացուցիչ քվեներ գնել որդու համար: Ջոզեֆ Քենեդին հասկանում էր, որ Սեմ Ջիանկանան կարող էր իրեն օգնել այդ հարցում, սակայն նա գիտեր, որ եթե իրեն տեսնեն գանգստերի հետ խոսելիս, դա կարող է վատ անդրադառնալ ընտանիքի հեղինակության վրա: Ասում են, որ հենց այդ պատճառով էլ նա դիմել է Սինատրային: Այդ ժամանակ Ֆրենկ Սինատրան և Քենեդին մտերիմ ընկերներ էին, և Սինատրան համաձայնեց միջնորդի դերում հանդես գալ: Սեմ Ջիանկանան օգնեց ապահովել անհրաժեշտ քվեները, սակայն երբ Ջոն Քենեդին դարձավ ԱՄՆ-ի նախագահ, գլխավոր դատախազ Ռոբերտ Քենեդին չխնայեց Ջիանկանայի հանցախմբի անդամներին: Միայն 1963 թ.-ին այս հանցախմբի ավելի քան 288 անդամ դատապարտվեց:

Ջիանկանան զայրացած էր, սակայն քանի որ նրա ուժը չէր պատում Քենդու վրա, նա որոշեց պատժել Սինատրային: Այնուամենայնիվ, նրա ընտրած պատժամիջոցն այնքան էլ խիստ չէր: Նա պարզապես պարտադրեց Սինատրային ութ օր շարունակ իր ակումբում օրը երկու շոու անցկացնել:

 3 Սինատրան դատապարտվել է ազատազրկման՝ գայթակղություն տարածելու մեղադրանքով

01

1938 թ.-ի նոյեմբերի 25-ին Ֆրենկ Սինատրան մեղադրվեց գայթակղություն տարածելու մեջ: 30-ականներին սա բավականին լուրջ հոդված էր: Սինատրային բռնացրել էին ինչ-որ չամուսնացած կնոջ հետ: Ի վերջո այս մեղադրանքը հանվեց և Սինատրան ազատ շունչ քաշեց մինչև դեկտեմբերի 22-ը: Այդ ժամանակ քաշքշուկները վերսկսվեցին: Հետաքննություն իրականացնելուց հետո պատկան մարմինները պարզեցին, որ Սինատրայի սիրուհին իրականում ամուսնացած էր, և Սինատրան դատապարտվեց ազատազրկման: Այնուամենայնիվ, նրան հաջողվեց խուսափել պատասխանատվությունից: Նա ընդամենը 16 ժամ անցկացրեց բանտում:

 4 Սինատրայի որդու առևանգումը

07

Ֆրենկ Սինատրա Կրտսերը ցանկանում էր նմանվել իր հորը: Նա ուզում էր երգիչ դառնալ: 19 տարեկանում նա երգում էր երկրի տարբեր հարթակներում: 1963 թ.-ի դեկտեմբերի 8-ին նա հանգրվանեց Նևադայի «Harrah’s Lodge» հյուրանոցում: Նա հանգստանում էր իր համարի ննջասենյակում, երբ հանկարծ ինչ-որ մեկը թակեց նրա դուռը: Սինատրայի որդին բացեց դուռը և տեսավ երկու ցրիչների, սակայն նրան ծրար փոխանցելու փոխարեն այդ երկու տղաները նրան պառկեցրին իրենց ավտոմեքենայի բեռնախցիկում և արագորեն մեքենայով հեռացան հյուրանոցի տարածքից:

Առևանգողները Բերի Քինանը և Ջոզեֆ Ամսլերն էին: Նրանք այնքան էլ փորձառու հանցագործներ չէին, և նրանց գտնելը պետք է որ շատ դժվար չլիներ: Սինատրայի որդու առևանգման մասին լուրերն արագորեն տարածվեցին: Թե՛ Ռոբերտ Քենեդին, թե՛ Սեմ Ջիանական իրենց օգնությունն առաջարկեցին Սինատրային, սակայն Սինատրան նախընտրեց դիմել Հետախուզությունների դաշնային բյուրոյի օգնությանը: Մինչ որոնողական աշխատանքները շարունակվում էին, Սինատրային զանգահարեց Ջոն Իրվին անունով մի երրորդ առևանգիչ: Հուսահատ Սինատրան առաջարկեց 1 միլիոն դոլար իբրև փրկագին, սակայն զանգահարողն ասաց, որ իրենց հարկավոր է ընդամենը 240.000 դոլար: Սինատրան Հետախուզությունների դաշնային բյուրոյի գործակալի հետ գումարը թողեց նշանակված վայրում: Մի քանի ժամ անց Սինատրայի որդուն ազատ արձակեցին: Մի քանի օրից պարզվեց, որ առևանգողները Ջոն Իրվինի հանցախմբից են: Նրանց ինքնությունն արագորեն պարզվեց, և նրանք խստագույնս պատժվեցին: Սինատրան թանկարժեք ոսկե ժամացույցներ գնեց Հետախուզությունների դաշնային բյուրոյի բոլոր այն աշխատակիցների համար, ովքեր օգնել էին փրկել իր որդուն:

 5 Սինատրան իբրև մարդու իրավունքների պաշտպան

09

Ինդիանա նահանգի Գերի քաղաքի «Ֆրոեբել» ավագ դպրոցի ղեկավարությունը 200 աֆրոամերիկացի ուսանողի այս դպրոցում սովորելու հնարավորություն ընձեռեց: Ոչ բոլոր սպիտակամորթ երեխաներն էին ուրախությամբ ընդունում այս որոշումը, որի արդյունքում իրենք պետք է սևամորթների հետ միևնույն հարկի տակ սովորեին: Նրանք դասերից բացակայելով՝ բողոքարկում էին դպրոցի ղեկավարության այդ որոշումը: Հենց այդ ժամանակ էլ Ֆրենկ Սինատրան որոշեց միջամտել այդ խնդրի լուծմանը:

Այդ տարվա սկզբներին Ֆրենկ Սինատրան նկարահանվել էր մի հակառասիստական կինոնկարում («Տունը, որտեղ ես ապրում եմ»): Այդ կինոնկարում նա մի շարք երեխաների ասում էր, որ բոլոր ամերիկացիները հավասար են՝ անկախ ռասայից ու կրոնից: Նա հավանաբար դեռևս դուրս չէր եկել դերից կամ, ո՞վ գիտե, գուցե նա սրտանց դեմ էր ռասիզմին: Մի խոսքով, նա գնաց «Ֆրոեբել» դպրոց ու զրուցեց աշակերտական խորհրդի հետ՝ նրանց բացատրելով ռասիզմի չարիքները: Դպրոցից հեռանալուց առաջ Սինատրան համոզեց աշակերտներին հանդուրժող լինել և անգամ երգեց նրանց համար «Այն տունը, որտեղ ես ապրում եմ» կինոնկարի երգը:

Սա ո՛չ առաջին, ո՛չ վերջին անգամն էր, որ Սինատրան հանդես էր գալիս ի պաշտպանություն քաղաքացիական իրավունքների: Ահագնացող ռասիզմի դարաշրջանում նա չէր վախենում զուգերգ երգել Բիլի Հոլիդեյի, Էլլա Ֆիցջերալդի և Նաթ Քինգ Քոլի հետ: Սինատրան երբեք չէր երգում այնպիսի հարթակներում, որտեղ արգելվում էր սևամորթների մուտքը: Նա նաև կանգ չէր առնում այնպիսի հյուրանոցներում, որտեղ նրա սևամորթ ընկերներին թույլ չէին տալիս իր հետ միասին մնալ: