Աշխատանք է տարվում, որպեսզի ԵՏՄ անդամակցությունից հետո զգայուն ապրանքները չթանկանան. Կարեն Ճշմարիտյան


16:16 , 19 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը դեռևս չի կարող ասել, որ հուլիսի 1-ին Հայաստանը կստորագրի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը. այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ բանակցությունները դեռևս չեն ավարտվել։ Նախարարը նախընտրեց չխոսել այն տեխնիկական խնդիրներից, որոնց պատճառով անդամակցության հարցը հետաձգվում է։ Իսկ թե հստակեցվե՞լ է այն ապրանքների ցանկը, որոնք չեն թանկանալու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ այս հարցն էլ դեռ բանակցման փուլում է և դժվար է դեռ կանխատեսումներ անել։ «Աշխատանք է տարվում, որպեսզի ԵՏՄ անդամակցությունից հետո զգայուն ապրանքները չթանկանան»,-նշեց նա։

-Պարո՛ն նախարար, արդեն հստակեցվե՞լ է, հուլիսի 1-ին Հայաստանը ստորագրելո՞ւ է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու փաստաթուղթը:

-Դեռ բանակցությունները չեն ավարտվել, հաստատ չեմ կարող ասել:

-Նախորդ անգամ պատճառաբանվեց, որ չի ստորագրել, քանի որ մի քանի տեխնիկական խնդիրներ կան, կարո՞ղ եք հստակեցնել՝ որոնք են:

-Ո՛չ:

-Բայց ՀՀ Նախագահը նշեց մի քանիսը:

-Դե, ինչո՞ւ եք ինձնից հարցնում: Դրանցից բացի էլ չկան խնդիրներ: Ցանկերի մասով է:


-Իսկ արդեն հստակեցվե՞լ են այն ապրանքների ցանկը, որոնք չեն թանկանալու ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:

-Դեռ բանակցման փուլում է: Դժվար է դեռ կանխատեսումներ անել, համենայնդեպս զգայունները բոլորը ընդգրկված են ցուցակում: Աշխատանք է տարվում, որպեսզի զգայուն ապրանքները չթանկանան:

-Իսկ կարո՞ղ եք գոնե նշել, թե որոնք են թանկանալու:

-Այսօր դժվար է հստակ վերլուծություն անել, համենայնդեպս առաջին անհրաժեշտության ապրանքներից, չեմ կարծում, որ այդպիսի բան լինի, քանի որ դրանք ընդգրկված են բացառությունների մեջ: Նույնիսկ ընդգրկված են հումքային այն ռեսուրսները, որոնք մեր արտադրության համար են: Այսինքն՝ այնտեղ դրված են բավականին հստակ չափանիշներ, որով ընտրված է այդ բացառությունների ցանկը, և դրա վրա հիմնված՝ առաջին հայացքից հիմա վերլուծություններն էլի կատարվում են, դեռևս նման զգացողություն չկա: Կարող է լինել, հնարավոր է, որ լինի, որովհետև տնտեսության մեջ չկա, որ եթե սա թանկանում է, մյուսների վրա ազդեցություն չունենա, տնտեսության մեջ ամեն ինչ շաղկապված է: Կարող է նույնիսկ բացառության մեջ չգտնվող, այս պահին մեզ համար ոչ զգայուն ապրանքը վաղը ազդեցության մեջ ընկնի, դրա համար միանշանակ ասել, որ...իհարկե, որոշակի կլինի, բայց դա չի վերաբերի զգայուն ապրանքների ցանկին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ