Իրաքում ստեղծված իրավիճակի պայմաններում կկայանա՞ քրդերի միավորումը


13:04 , 19 հունիս, 2014

Կկայանա՞ արդյոք քրդերի միավորումը Իրաքում ստեղծված իրավիճակի պայմաններում: Քանդիլից արդեն Էրբիլին միասնական գործողությունների կոչ է արվել: «Քրդստանի բանվորական կուսակցության» առաջնորդներից Մուրաթ Քարայըլանը առաջարկ է արել Իրաքի տարածաշրջանային քրդական կառավարությանը` միավորելու իրենց ուժերը «Իրաքի և Շամի իսլամական պետության» դեմ պայքարի հարցում: Քարայըլանը հասկացրել է, որ ոչ միայն Իրաքում, այլ նաև Մերձավոր Արևելքում նոր իրավիճակ է ստեղծվել, որից կարելի է օգտվել: Նա առաջարկել է Բարզանիին և Թալաբանիին միավորել իրենց ուժերը ԻՇԻՊ-ի դեմ պայքարում` ի պաշտպանություն Քիրկուկի ու քրդաբնակ այլ տարածքների: Քարայըլանն ակնարկել է Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության դերը Սիրիայի հյուսիսում քրդական տարածքների պաշտպանության հարցում: Իրականում հենց Սիրիայում քրդական պաշտպանական միավորումների` HPG-ի շնորհիվ հնարավոր եղավ Սիրիայի քրդաբնակ տարածքները պահել կայուն վերահսկողության տակ: Այս առաջարկը նշանակում է փաստացի միավորում սիրիական քրդերի պաշտպանական ուժերի և իրաքյան փեշմարգայի միջև, ինչը ենթադրում է նաև ԻՔՏԿ-ի և Սիրիայի քրդական ինքնավարության միջև քաղաքական ընդհանուր միասնական օրակարգի ու պաշտպանության ձևավորում: Դեռևս Էրբիլից պաշտոնական պատասխան չի եղել այդ առաջարկին, մինչդեռ արդեն սկսվել է Իրաքում փեշմերգային անդամագրվելու գործընթաց: