Ղարաբաղը՝ հետո. «Նեզավիսիմայա գազետա»-ի անդրադարձը Բաքու Լավրովի այցին


12:13 , 19 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցը Բաքու ամփոփել և վերլուծել է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Ըստ աղբյուրի՝ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում հիմնական ուշադրությունը դարձրել է կասպիական խնդրին՝  Աստրախանում Կասպիական IV գագաթաժողովի կազմակերպման համատեքստում:

Այցի երկրորդ թեման, որի մասին հայտարարվել էր, «Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերն էին՝ ստեղծվող իրավիճակի ապարգելափակման և կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելու անհրաժեշտության շեշտադրմամբ»:

Աղբյուրը նշում է, որ այդ հարցն այցի նախօրեին բարձրացրել էր նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը՝ հայտարարելով, որ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կկայանա, և այդ հանդիպման ընթացքում պետք է հակամարտության կարգավորման կոնկրետ համաձայնություն ձեռք բերվի:

Նկատվում է, սակայն, որ Փարիզի հանդիպումը Ֆրանսիայի նախաձեռնությունն է՝ ի դեմս նախագահ Ֆրանսուա Օլանդի, ով համապատասխան պայմանավորվածություններ էր ձեռք բերել տարածաշրջան իր այցի ժամանակ: Մեջբերելով Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Կայծ Մինասյանին՝ աղբյուրը նշում է, որ «հակամարտող կողմերի նախագահների սեղանին ֆրանսիական առաջարկներն են, որոնց մասին հայտնի է նաև ամերիկացիներին ու ռուսներին»: Այդ առաջարկների առկայությունը հաստատել է նաև Ադրբեջանի արտգործնախարարը՝ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ իրենք կոնկրետություն են սպասւոմ ֆրանսիական կողմից՝ այդ հանդիպման կազմակերպման առումով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ