16:27 , 18 հունիս, 2014Ուշադիր դիտեցի Սերժի հարցազրույցն ու առանձնացրեցի դրա հիմնական ու ամենակարևոր 10 թեզերը, որոնցով ցանկանում եմ կիսվել Ձեզ հետ՝ պահպանելով այդ թեզերի քրոնոլոգիան:
1. Ֆուտբոլ
Սերժը երկրպագում է միմիայն Հայաստանի հավաքականին, իսկ այս Աշխարհի առաջնությունում ուզում է, որ Գերմանիան հաղթի, որպեսզի մենք հետո կարողանանք ասել, որ թեև խոշոր հաշվով պարտվեցինք, բայց պարտվեցինք աշխարհի չեմպիոնին: «Բարոյական հաղթանակները» մեզանից անպակաս են, աչքիս:
2. Սահմանային լարվածություն
Սերժը վստահեցնում է, որ ոչ մի նոր մարտավարություն չկա, այդ թվում՝ նաև մեր կողմից: Պարզապես իրենց տրամաբանական զարգացումներն են ապրում եղած մարտավարություններն ու հայեցակարգերը:
Լարվածությունը դիտավորությամբ ստեղծում է Ադրբեջանը և դա անում է երկու նպատակով. ցույց տալ, որ կռիվը չի ավարտվել, և որպես շանտաժի գործիք բանակցային պրոցեսում օգտագործել այդ հանգամանքը՝ հենվելով այն թեզի վրա, որ եթե իրենց սրտով չլինեն արդյունքները, ապա պատերազմը կվերսկսվի:
Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք 94-ից հետևողականորեն աշխատել ենք մեր պաշտպանունակության բարձրացման վրա, ու այն, որ մենք Ադրբեջանի պես ի ցույց չենք հանում նոր ձեռք բերված սպառազինությունը, ուղղակի խոսում է, որ ցուցամոլ չեն: Հայաստանում ցանկացած ոք կարող է այցելել զորամասեր ու ծանոթանալ ինչպես մեր զինվորների բարոյահոգեբանական ու կենցաղային վիճակին, այնպես էլ սպառազինությանը:
3. Բանակցային գործընթաց
Բանակցային գործընթացը դանդաղ է առաջ գնում, բայց դրա մեծագույն ձեռքբերումը 20 տարուց ավել ձգվող, թեկուզ վատ ու փխրուն, բայց հարաբերական խաղաղությունն է, որովհետև անգամ վատ խաղաղությունը ավելի գերադասելի է, քան «լավ» պատերազմը:
4. ՄՄ-ի անդամակցությունը, Նազարբաևի հայտարարությունն ու ԼՂՀ-ի հարցը
Սերժը հստակորեն հայտարարեց, որ Հայաստանը անդամակցելու է ՄՄ-ին ու վերջ, և զարմանք հայտնեց, թե ինչո՞ւ են շարունակվում շահարկումները՝ հատկապես Աստանայի գագաթնաժողովի շուրջ: ՀՀ-ն անդամակցելու է, անդամակցելու է այն սահմաններով, որոնցով ՀՀ-ն ճանաչված է, և այնպես, ինչպես դա արել է տնտեսաքաղաքական այլ պլատֆորմներին անդամակցելիս:
Նազարբաևի հայտարարությունն ու ԼՂՀ-ը հարցը, ըստ Սերժի, հիմա բացառապես էմոցիոնալ ու հուզական մակարդակում են քննարկում, մինչդեռ դիվանագիտությունն ու բանակցությունները այն ոլորտները չեն, որտեղ «տղավարի» լուծումներ պետք է տրվեն հարցերին:
Ինչ վերաբերում է Նազարբևին ու Ալիևի նամակին, ապա նամակի մասին մեր պատվիրակությունը տեղյակ է եղել վաղաժամ, ու այն անակնկալ չի եղել, ոչ էլ ինքնին դրա գոյությունն է տհաճ անակնկալ եղել: Տհաճ անակնկալը այն էր, որ մեր դաշնակից ու ՄՄ անդամ Ղազախստանի նախագահը այն հրապարակում է հրապարակայնորեն:
Վերջում էլ Սերժը հորդորեց իր ընդդիմախոսներին չխոչընդոտել Հայաստանի արտաքին քաղաքականությանը, իսկ Արցախն իրենից պաշտպանելու փորձերը անվանեց անհեթեթություն:
5. ՄՄ մտնելուց մաքսատուրքերի ու թանկացումների հարցը
Սերժը ոմանց համար տհաճ, ոմանց համար էլ հաճելի անակնկալ մատուցեց՝ հայտարարելով, որ որոշ ապրանքատեսակների համար առաջին 5-10 տարում մաքսատուրքերի բարձրացում չի լինելու: Նա մասնավորապես նշեց, որ խոսքը մեքենաների ու մի քանի այլ՝ մեզ համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքատեսակների մասին է:
6. Նոր կառավարությունն ու դրա արդյունավետությունը
Ըստ Սերժի՝ ժամանակ է պետք, որպեսզի մեր կառավարությունը կարողանա ցույց տալ իր արդյունավետությունը, և մարդիկ դա իրոք զգան իրենց վրա: Կարևորագույն կետերից մեկը, որն առանձնացրեց Սարգսյանը, այն էր, որ աշխատավարձերի աճը պետք է գերազանցի գնաճին:
7. Քաղաքական ու հասարակական դիմակայություն
Ըստ նախագահի՝ քաղաքական ու հասարակական վիճահարույց տարբեր հարցերի շուրջ «բախումները» պետք են, բայց դրանք պետք է լինեն քաղաքական ու մեդիա հարթակների կոնտեքստում, այլ ոչ թե փողոցում՝ ակտիվիստների ու ոստիկանների միջև պարբերական բախումների տեսքով:
8. Ընդդիմության 12 կետերը
Ըստ Սերժի՝ ընդդիմությունը շտապողականություն և շարահյուսական անճշտություններ է դրսևորել՝ հրապարակելով իր 12 կետերը: Սարգսյանը հատկապես շեշտեց, որ ինքը թեև չի կասկածում, որ ընդդիմությունը պատրաստակամ է համագործակցության, սակայն պահանջների ու պարտադրանքների լեզվով խոսելը չի բխում համագործակցություն ասված ոգուց:
9. Սահմանադրական բարեփոխումներ
Սահմանադրական բարեփոխումներն ընթացքի մեջ են և դրանց վրա աշխատանք է տարվում: Ավելին, դրանք ենթակա են քննարկման ու հստակեցման, քանզի կարծիքների բախումն այս հարցում կնպաստի լավ արդյունքին:
10. Ցեղասպանության 100-ամյակին Գյուլին ու Թուրքիայի ներկայացուցիչներին հրավիրելու մասին
Սերժը խոստովանեց, որ գնահատում է Գյուլին՝ հատկապես նրա լայնախոհության համար, սակայն դեռ հստակ չէ, թե արդյո՞ք Ցեղասպանության 100-ամյակի տարելիցին Գյուլը կլինի Թուրքիայի նախագահի պաշտոնում ու կմասնակցի՞ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին: Դեռ ոչինչ պարզ չէ ու պարզ կլինի միայն ապրիլի 24-ին: