16:44 , 18 հունիս, 2014
Եթե ցանկանում ես, որ աշխարհը փոխվի, նախ և առաջ ինքդ փոխվիր
Եթե դու փոխես քո մտքերը, կփոխվեն նաև քո հույզերն ու արարքները: Դրա շնորհիվ շրջակա աշխարհը ևս կփոխվի: Աշխարհը քեզ համար կփոխվի ոչ միայն նրա շնորհիվ, որ դու կսկսես նորովի նայել շրջակա աշխարհի երևույթներին ու իրադարձություններին, այլև այն բանի շնորհիվ, որ դու կսկսես այնպիսի քայլեր գործել, որոնք նախկինում երբեք չէիր գործի: Դու քո գործողություններով կնպաստես, որ աշխարհը փոխվի դեպի լավը:
Ոչ ոք չի կարող առանց իմ համաձայնության ինձ վնաս պատճառել
Քեզնից է կախված, թե ինչ ես զգում, և ինչպես ես արձագանքում այս կամ այն բանին: Կան վարքի տարբեր ստանդարտներ, սակայն դու ինքդ ես որոշում, թե դրանցից որն ընտրել: Հնարավոր է, որ դու միշտ չկարողանաս տիրապետել ինքդ քեզ, սովորության ուժով դու երբեմն գուցե սկսես նախկինի պես վարվել: Այնուամենայնիվ, դու աստիճանաբար կգիտակցես, որ ոչ ոք չի կարող կառավարել քո զգացմունքներն ու հույզերը:
Թույլ մարդը երբեք չի ներում: Ներումը հատուկ է ուժեղներին:
Հնարավոր չէ չարին չարությամբ հաղթել: Երբ դու սկսես հավատալ, որ դու ես քո կյանքի տերը, դու կկարողանաս շուրջբոլորդ տեղի ունեցող իրադարձություններին այնպես վերաբերել, ինչպես քեզ է ձեռնտու: Եթե դու չես ներում, թույլ ես տալիս անցյալին և քո հանդեպ մեղք գործած մարդուն կառավարել քո զգացմունքները: Ներելուց հետո դու ազատվում ես անցյալի կապանքներից ու կարողանում ես կենտրոնանալ որևէ այլ բանի վրա:

Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է ուրիշից ստացած տոննաներով խրատներից:
Եթե անհրաժեշտ քայլերը չձեռնարկեք, սայլը տեղից չի շարժվի: Դու կարող ես սկսել մխիթարանք գտնել մտորումների մեջ կամ անվերջ կարդալ ու սովորել: Քեզ կթվա, թե դու առաջ ես շարժվում, սակայն ոչ մի ռեալ արդյունք չես տեսնի կամ էլ կտեսնես շատ աննշան արդյունքներ: Այսպիսով, ուզածիդ հասնելու համար և ինքդ քեզ ու քո ներաշխարհը հասկանալու համար քեզ փորձ է պետք: Գրքերը քեզ կզինեն գիտելիքներով, սակայն ոչ հմտություններով: Մինչդեռ հարկավոր է գործել և գիտելիքները ներդնել ռեալ արդյունքի հասնելու համար:
Ես չեմ ցանկանում կանխատեսել ապագան: Ինձ ներկան է անհանգստացնում: Աստված ինձ հնարավորություն չի տվել կառավարելու ապագայում կատարվելիք իրադարձությունները:
Քեզ խանգարող ներքին դիմադրությունը հաղթահարելու լավագույն եղանակը ներկայում մնալն է: Ինչո՞ւ: Երբ դու ապրում ես ներկայով, դու չես անհանգստանում, թե հետո ինչ կլինի: Անհանգստանաս, թե ոչ, դու, միևնույնն է, չես կարող կառավարել ապագան: Գործի անցնելու պատրաստակամության բացակայությունը պայմանավորված է ապագա հետևանքների վախով կամ անցյալի անհաջողությունների մասին հիշողություններով: Երբ գիտակցում ես, որ դու միայն ներկայի վրա իշխանություն ունես, դու ավելի հեշտությամբ ես գործի անցնում, կարողանում ես կենտրոնանալ տվյալ պահի վրա և լավագույն կողմից դրսևորել ինքդ քեզ
Ես հայտարարում եմ, որ ես սովորական մարդ եմ, ով բոլոր հասարակ մահկանացուների պես կարող է մոլորվել: Այնուամենայնիվ, ես բավականաչափ խոնարհություն ունեմ, որ ընդունեմ իմ սխալները և հրաժարվեմ նախկին ցանկություններիցս:
Այնքան էլ իմաստուն չէ վստահ լինել սեփական իմաստության մեջ: Հարկավոր է հիշել այն մասին, որ ամենաուժեղը կարող է թույլ գտնվել ինչ-որ պահ, իսկ ամենաիմաստունը կարող է սխալ թույլ տալ:
Երբ դու սկսում ես իդեալականացնել առանձին մարդկանց, դու ռիսկի ես դիմում՝ ինքդ քեզ առանձնացնելով նրանցից: Քեզ մոտ կարող է այնպիսի զգացողություն լինել, որ դու երբեք չես կարողանա այն հաջողությանը հասնել, որին այդ մարդիկ են հասել, քանի որ նրանք զգալիորեն տարբերվում են քեզնից: Այդ իսկ պատճառով կարևոր է երբեք չմոռանալ, որ մեզնից յուրաքանչյուրը հասարակ մարդ է՝ անկախ նրանից, թե նա ինչպիսի դիրքի է հասել կյանքում: Կարևոր է հիշել, որ մենք բոլորս էլ մարդիկ ենք, և մեզնից յուրաքանչյուրը կարող է սխալներ գործել: Երբ մարդիկ սկսում ենք չափից ավելի խստապահանջություն ցուցաբերել, դա հանգեցնում է մի շարք կոնֆլիկտների և բարդացնում մեր կյանքը:

Սկզբում քեզ չեն նկատում, հետո քեզ սկսում են ծաղրել, հետո քո դեմ սկսում են պայքարել, իսկ հետո դու հաղթում ես
Անկոտրում եղիր: Ժամանակի ընթացքում քեզ կսկսեն ընդունել նրանք, ովքեր ներկայումս չեն ընդունում: Քո հակվածությունը ինքնակործանմանը կթուլանա: Այն խանգարում է քեզ առաջ շարժվել և շարունակ դեպի հետ է ձգում: Ինքդ քեզ համար պարզիր, թե դու իրականում ինչ ես սիրում անել: Դա կօգնի քեզ մոտիվացիա գտնել և կրկին շարունակել առաջ շարժվել: Գանդին այդքան հաճախ էր կիրառում առանց բռնության դիմադրության մեթոդը այն պատճառով, որ ինքն ու իր կողմնակիցները չափազանց համառ էին: Նրանց ականջին պարզապես խորթ էր «նահանջ» բառը: Շատ հազվադեպ դեպքերում են հաջողությունն ու հաղթանակները այնքան շուտ բախում մարդկանց դուռը, որքան նրանք կցանկանային դա: Մարդիկ հաճախ հենց այն պատճառով չեն կարողանում հասնել իրենց նպատակին, որ ժամանակից շուտ են հանձնվում: Սովորաբար նրանց հետապնդած նպատակի իրականացման համար շատ ավելի մեծ ժամանակ է հարկավոր լինում, քան նրանք նախատեսում են: Մենք հաճախ այն պատճառով չենք կարողանում բավականաչափ ժամանակ տրամադրել մեր նպատակի իրականացմանը, որ ապրում ենք ստերով լի աշխարհում: Գովազդներում մեզ շարունակ անիրատեսական բաներ են խոստանում. «Գնեք այս թեյը, և կնիհարեք 1 շաբաթում», «Ուզո՞ւմ եք ազատորեն հաղորդակցվել անգլերենով, դիմեք մեզ և ընդամենը երեք շաբաթում Դուք վարժ կտիրապետեք խոսակցական անգլերենին»: Մենք սկսում ենք հավատալ սուտ խոստումներին: Ավելի սթափ եղիր և մի հավատա ամեն լսածիդ: Համառությունը և հաստատակամությունը չկորցնելու հարցում քեզ մեծապես կօգնի նաև հումորի զգացումը: Հումորն օգնում է անգամ ամենադժվարին պահերին թեթև նայել կյանքին:
Ես հույսս դնում եմ մարդկանց դրական հատկանիշների վրա: Ես ինքս էլ սուրբ չեմ, և այդ պատճառով էլ ես ինձ իրավունք չեմ վերապահում սևեռել մարդկանց ուշադրությունը ուրիշների սխալների վրա
Մարդու մեծահոգությունը չափվում է նրանով, թե որքանով է նա նպաստում իր մերձավորների բարօրությանը
Գանդին ասել է. «Ես հասկանում եմ, որ ժամանակին կառավարելու համար հարկավոր էին մկաններ ու ֆիզիկական ուժ, սակայն ներկայումս հարկավոր է մարդկանց հետ մերվելու կարողություն»: Յուրաքանչյուր մարդու մեջ կան և՛ լավ, և՛ վատ գծեր, սակայն դու կարող եք որոշել, թե ինչի վրա կենտրոնացնես ուշադրությունդ: Եթե ցանկանում հասնել դրական փոփոխությունների, ճիշտ կլինի ուշադրությունդ կենտրոնացնել մարդկանց դրական գծերի վրա: Դա կհեշտացնի քո կյանքը: Ձեր հարաբերությունները մարդկանց հետ ավելի դրական ու ավելի հաճելի կդառնան: