Սարգսյան-Ալիև հանդիպում, այնուամենայնիվ, սպասվում է


15:53 , 18 հունիս, 2014

Երեկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, որ մոտ ապագայում սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում Փարիզում:
Պաշտոնական Երևանն այս լուրը չի մեկնաբանել:
Փոխարենը, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի ներկայությամբ, հաստատել է այս լուրը: Դիվանագետն ասել է, որ նախաձեռնությունը գալիս է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդից, ումից էլ սպասում են կոնկրետ առաջարկություններ՝ հանդիպման կազմակերպման վերաբերյալ:
ԼՂ խնդրի կարգավորման այս հանգրվանում նախաձեռնությունը, կարծես թե, անցնում է Փարիզին, ու սա տրամաբանական է, որովհետև Վաշինգտոնի ու Մոսկվայի դիվանագիտական ջանքերը կենտրոնացած են աշխարհի այլ «թեժ կետերում»: Դատելով այն փաստից, որ Մամեդյարովն այս հայտարարությունը հնչեցրել է Լավրովի ներկայությամբ, Օլանդի այս նախաձեռնությունը կոլեկտիվ բնույթ ունի, այլ խոսքով՝ համաձայնեցված է համանախագահող մյուս երկու երկրների հետ: