13:15 , 18 հունիս, 2014Հիշում եմ, երբ փոքր էի ու դեռ կարդալ չգիտեի, մամաս ինձ քնելուց առաջ գրքեր էր կարդում, ու ամենավառ տպավորված գրքերից մեկը Մանկական Աստվածաշունչն էր: Հիշում եմ, թե ինչպես ես՝ 4-5 տարեկան փոքրիկս, խիստ տպավորվել էի, երբ մաման կարդաց, թե ոնց ա Քրիստոսը տաճարի առջև առևտուր անող վաճառականներին մտրակում ու վտարում:
Հիշում եմ, որովհետև նկարն էլ շատ տպավորիչ էր ինձ համար այդ տարիքում, էլ չասեմ, որ 4-5 տարեկանում ջղայնացած Աստծո կոնցեպտը շատ ավելի պայծառ գույներով ես պատկերացնում, որովհետև երևակայությունդ խիստ զարգացած ա...
Ինչևէ, հիմա էլ 4-5 տարեկան չեմ՝ 27 եմ, ու հիմա, էդ տաճարում առևտուր անելու փաստին առերեսվում եմ, ոչ թե գունավոր իլյուստրացիայի տեսքով, այլ միանգամայն իրական կյանքում:
Երեկ մեծ աղմուկ բարձրացավ, երբ սկսեցին պարզվել մշակույթի նախարարության կողմից իրականացվող բեսպրեդելի ու քաղքենիության մանրամասները, ու երեկվանից հախուռն մտքեր էին այցելում ինձ: Հիմա փորձեմ ձևակերպել մի քանիսը.
- Հետաքրքի՞ր է, Հասմիկ Պողոսյանը հասկանո՞ւմ է, որ եթե ինքը ապրեր 2000 տարի առաջ, կամ հիմա Աստված իջներ Զվարթնոց, ապա իրեն էլ էր մտրակելու: Ավելի իրական եթե ձևակերպեմ, ապա գիտակցո՞ւմ է սույն տիկինը, որ ինքը մտրակման է արժանի:
- Բոլորովին անսպասելիորեն պարզվեց, որ պատմամշակությային հուշարձանները տիկին մշակութամայրը դարձրել ա դուքյան ու «արենդով» ա տրամադրում ցանկացած վճարունակ քաղաքացու կամ կազմակերպության, և եթե մի պահ կտրվում ենք էմոցիաներից ու բարոյական եզրույթներից, ապա ինձ մի հարց է շատ հուզում. քանի՞ նման պատվերներ է ստացել մշակնախը, որքա՞ն գումար է գանձվել ու ո՞ւր են գնացել այդ գումարները: Որևիցե տվյալներ կա՞ն: Կարծում եմ, որ մշակույթի նախարարությունում պետք է, ասենք, նախագահականի վերահսկողական ծառայության կողմից մանրակրկիտ ստուգումներ իրականացվեն այդ հարցի առնչությամբ:
- Ստեղծվել է իրական վտանգ, որ Զվարթնոցի տաճարը կարող են հանել UNESCO-ի կողմից պահպանվող պատմամշակութային հուշարձանների ցանկից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Եթե նման բան եղավ, ո՞վ է պատասխան տալու ու ի՞նչ կերպ: Մասնավորապես Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական գործ կհարուցվի՞ պաշտոնական դիրքի չարաշահման, վնասարարության ու/կամ հանցավոր անփութության հատկանիշներով:
Եվ վերջապես, նամուսի մասին: Չգիտեմ, թե Հասմիկ Պողոսյանի օրգանիզմում պադոշի տեսակարար կշիռը որքան է կազմում, բայց եթե ստեղծվել է մի միջավայր, երբ ողջ հանրությունը սուր հակակրանք է տածում տվյալ պետպաշտոնյայի հանդեպ ու 0-ական վստահություն է ցուցաբերում, ապա գոնե արժանապատվության ու սրտացավության նշույլ ունեցող մարդը ինքը հրաժարական կտա: Սա ֆանտաստիկայի ժանրից, իսկ վերադառնալով ռեալիզմին, ուզում եմ հռետորական հարց ուղղել մշակութամոր վերադասներին:
Ձեր ինչի՞ն ա պետք սույն անհատին սոսնձել էդ պաշտոնին, եթե վնասից բացի, ոչ մի օգուտ չի բերում, այդ թվում՝ նաև Ձեր իմիջային հարցերին:
Ու որ երկիմաստություններ չմնան, ինքս՝ որպես ՀՀ քաղաքացի, պահանաջում եմ Հասմիկ Պողոսյանի շուտափույթ հրաժարականը կամ պաշտոնանկությունը: