12:36 , 18 հունիս, 2014
1in.am -ը գրում է.
Աշխարհում խոշորագույն սոցցանցը՝ Facebook-ը, գործարկել է նոր բջջային հավելված՝ Slingshot-ը, որից օգտվողները կարող են միմյանց ուղարկել լուսանկարներ ու տեսահոլովակներ, սակայն դրանք դիտել հնարավոր է միայն ինչ-որ բան ուղարկելու դիմաց: Այս մասին ասվում է Facebook-ի պաշտոնական բլոգում:
«Slingshot-ի օգնությամբ մենք ցանկանում էինք պատրաստել ծառայություն, որտեղ յուրաքանչյուրը ոչ միայն դիտում է, այլև ստեղծում կոնտենտ»,- հայտարարում են հավելվածի ստեղծողները:
Slingshot-ից օգտվողները կարող են նկարել լուսանկար կամ տեսանյութ, դրանց հավելել տեքստ կամ ձևավորում, ինչից հետո այն ուղարկել հասցեատիրոջը կամ մի խումբ ընկերների:
Սակայն ծառայության գլխավոր յուրահատկությունը խաղային մեխանիկան է՝ ստացողը չի կարող բացել իրեն ուղարկված ուղերձը, եթե փոխարենը չուղարկի լուսանկար կամ տեսագրություն: Ստացողը կարող է մեկնաբանել ուղերձը կամ պարզապես այն հեռացնել էկրանից:
Slingshot-ը մասամբ կմրցի Snapchat և Blink ծառայությունների հետ, ինչպես նաև Confide մեսենջերի հետ:
Facebook-ի նոր ծառայությունը նախ հասանելի կլինի ԱՄՆ-ում iOS 7-ի հիման վրա աշխատող iPhone սմարթֆոնների համար, ինչպես նաև Jelly Bean ու KitKat պլատֆորմների հիման վրա աշխատող Android-սարքերի:

