Գալուստ Սահակյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողներին


19:46 , 17 հունիս, 2014

Emedia.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 17-ին ընդունել է ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Աքսել Ֆիշերին եւ Ալան Միլին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել համազեկուցողներին Հայաստանի հետ համագործակցության եւ մեր երկրում ժողովրդավարության ամրապնդ ման գործում կատարած աշխատանքի համար: Նրա խոսքով` Հայաստանում խորքային բարեփոխումներ են իրականացվել, որոնց արդյունքները տեսանելի են եւ անշրջելի:

Գալուստ Սահակյանը նշել է, որ ԵԽ նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության գերակայությունները լիովին համահունչ էին ԵԽ անդամ երկրների եւ ԵԽ օրակարգային հարցերին, եւ մեր երկրի համար լրացուցիչ հնարավորություն էր կազմակերպությունում ակտիվ ներդրում ունենալ օրակարգային հարցերում եւ գործընթացներում: Նրա գնահատմամբ` Հայաստանի նախագահությունը հաջող ընթացավ, հավասարակշռված, բոլոր անդամ երկրն երի հետ երկխոսության սկզբունքով, ինչը ցավոք չի կարելի ասել ներկա նախագահողի մասին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ալան Միլը Գալուստ Սահակյանին է փոխանցել Բրիտանիայի խորհրդարանի խոսնակի շնորհավորանքը ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նա կարեւորել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականությունը եւ վստահություն հայտնել, որ միասնական ջանքերով համատեղ աշխատանքի արդյունքում հաջողություններ կգրանցվեն: Աքսել Ֆիշերը կարեւորել է Հայաստան-ԵԽ համագործակցության խորացումը եւ նշել, որ իրենք պատրաստակամ են աջակցել եւ սատարել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների խորացման գործընթացում: Համազեկուցողները բարձր են գնահատել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության գործունեությունը:

Անդրադառնալով ընտրական համակարգի բարեփոխումներին` ԱԺ նախագահը նշել է, որ ԵԽԽՎ եւ միջազգային մյուս գործընկերների առաջարկություններն ուշադրությամբ ուսումնասիրվել են եւ ընթացք կստանան ընտրական գործընթացների կատարելագործման աշխատանքների ժամանակ: Սահմանադրական բարեփոխումների գործընթացին անդրադառնալով, Գալուստ Սահակյանը նշել է, որ ստեղծվել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով եւ գործընթացը ՀՀ նախագահի կողմից ձեռնարկվել է` ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների եւ ազատությունների երաշխավորման սահմանադրական կառուցակարգերը կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու եւ հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: Նրա խոսքով` սահմանադրական բարեփոխումների առաջարկները մշակվում են ակտիվ հանրային քննարկումների ներքո` Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ