Այս պատմվածքը կարդալուց հետո Դուք այլևս երբեք անհարկի ինքնազոհաբերության չեք գնա


17:40 , 17 հունիս, 2014

Մենք հաճախ ինքներս ենք փչացնում մեր կյանքը, իսկ հետո սկսում ենք բողոքել: Պատկերացրեք մի կառույց, որտեղ հերթ են կանգնել այն մարդիկ, ովքեր հանուն ինչ-որ նպատակի ուզում են իրենց համար թանկ բաներ զոհաբերել:

Հանկարծ մի կին ներս է մտնում ու հարցնում.

- Զոհաբերությունների ընդունման կետն այստե՞ղ է:

Ամբոխի միջից մի այլ կին պատասխանում է.

- Այո, այո: Ձեր հերթն ինձնից հետո է: Ես № 852-ն եմ, Դուք էլ կլինեք 853-ը:

-  Աստված իմ, մինչև հերթը հասնի մեզ, չիր կդառնանք:

- Մի՛ անհանգստացեք: Այստեղ ամեն ինչ արագ է կատարվում: Դուք հանուն ինչի՞ եք զոհ մատուցում:

- Հանուն սիրո, իսկ Դու՞ք:

- Հանուն երեխաների: Երեխաներն ինձ համար ամեն ինչ են:

- Իսկ Դուք ի՞նչ եք զոհաբերելու:

- Իմ անձնական կյանքը: Միայն թե երեխաների համար լավ լինի: Ես ամեն ինչ նրանց եմ նվիրաբերում: Ինձ մի լավ մարդ ամուսնության առաջարկ արեց, սակայն ես մերժեցի նրան: Ախր ինչպե՞ս կարող եմ երեխաներիս համար խորթ հայր բերել տուն: Ես իմ սիրած աշխատանքից էլ եմ հրաժարվել, որովհետև տնից հեռու է, իսկ երեխաներին այդքան ժամանակ առանց խնամքի թողնել չի կարելի: Դրանից հետո ես մանկապարտեզում դայակ ընդունվեցի, որպեսզի երեխաներս միշտ աչքիս առաջ լինեն: Ինձ ոչինչ պետք չէ: Ես ամեն ինչ երեխաներիս եմ տալիս:

- Ախ, ես Ձեզ այնքան լավ եմ հասկանում: Իսկ ես ցանկանում եմ սիրային հարաբերություններս զոհաբերել: Դե ամուսնուս ու իմ միջև սերը վաղուց է մարել: Նա արդեն այլ կնոջ հետ է հանդիպում: Իմ կյանքում նույնպես տղամարդ է հայտնվել, բայց… Այ եթե ամուսինս ինքը հեռանար, դա ուրիշ բան, բայց նա չի հեռանում: Նա կապված է ինձ հետ:

Сказка о ненужной жертве

Մինչ երկու կանայք զրուցում են, ընդունարանի դուռը բացվում է, ազդարարում են.

«№ 852, նե՛րս մտեք»:

852 համարի կինն ասում է.

-  Ախ, ես այնպես եմ հուզվում: Բա որ հանկարծ զոհս չընդունեն:

Այս ասելով՝ նա արագ մտնում է ընդունարան:

Սպասման պահերն անտանելի են մյուս կնոջ համար, սակայն որոշ ժամանակ անց ընդունարանի դուռը նորից է բացվում և այնտեղից դուրս է գալիս 852 համարի կինը: Բոլոր կողմերից սկսում են հարցուփորձ անել.

- Հը՞, ընդունեցի՞ն զոհը:

- Չէ, պարզվում է, որ այստեղ փորձաշրջան կա, ժամանակ են տալիս մտածելու համար, ոչ թե միանգամից ընդունում զոհը:

Կինը պատմում է, որ ընդունարանում իրեն հարցրել են, թե արդյոք զոհաբերության գնալու իր որոշումը վերջնական է: Կինը հաստատապես պատասխանում է, որ հետ չի կանգնի զոհաբերության գնալու որոշումից: Երեխաները կմեծանան, կգնահատեն, թե ինչ մեծ զոհաբերության է մայրիկը գնացել հանուն իրենց: Մինչդեռ ընդունարանի աշխատակիցները նրան պատվիրել են, որ նստի ու ուշադիր նայի էկրանին: Հետո սկսել են ինչ-որ կինոնկար ցուցադրել, որի գլխավոր հերոսուհին հենց ինքն է եղել, սակայն տարիներ անց: Կինոնկարում երեխաներն արդեն մեծացել էին: Դուստրն ամուսնացել էր մի հեռավոր երկրում, իսկ որդին առանձին էր ապրում իր կնոջ հետ, միայն ամիսը մեկ զանգահարում ու անտարբեր խոսում էր իր հետ:

http://www.real.com/resources/wp-content/uploads/2012/10/download-online-videos.jpg

Երբ մայրը հարցնում էր որդուն, թե ինչու է նա հեռու պահում իրեն իր ընտանիքից, որդին պատասխանում էր.

- Մա՛մ, քիթդ մի՛ խոթիր մեր անձնականի մեջ: Դու, ի՞նչ է, ուրիշ զբաղմունք չունե՞ս:

Իսկ ի՞նչ զբաղմունք պիտի ունենա այն կինը, ով ժամանակին հանուն իր երեխաների անգամ իր սիրած աշխատանքից է հրաժարվել: Փաստորեն երեխաները չեն գնահատել զոհաբերությունը: Լավ է, որ գոնե միանգամից չընդունեցին զոհը:

Այդ պահին № 853-ին հրավիրում են ընդունարան: Նա շփոթվում է նախորդ կնոջ պատմությունից, սակայն, զոհաբերությունը ձեռքն առած, որոշում է ներս մտնել: Ընդունարանի աշխատակիցներն ասում են.

- Նստե՛ք, տիկի՛ն: Ի՞նչ եք Ձեզ հետ բերել զոհաբերության:

- Սիրային հարաբերւթյուններս:

- Պարզ է, դե ցո՛ւյց տվեք տեսնենք:

- Ահա, նայե՛ք: Դրանք շատ մեծ չեն, սակայն շատ հաճելի են ու թարմ: Մենք ընդամենը կես տարի առաջ ենք ծանոթացել:

- Հանուն ինչի՞ եք զոհաբերում Ձեր սիրային հարաբերությունները:

- Հանուն ընտանիքի պահպանության: Ամուսինս վաղուց սիրուհի ունի, ես էլ՝ սիրեկան:

- Դուք այդ սիրեկանի հետ ունեցած հարաբերություննե՞րն եք զոհաբերում:

- Այո, ես հանուն ընտանիքի  պահպանության եմ գնում այդ քայլին:

- Ո՞ւմ ընտանիքի: Դուք իննքներդ հենց նոր ասացիք, որ Դուք սիրեկան ունեք, ամուսինն էլ սիրուհի:

- Հետո ինչ: անձնագրով մենք դեռևս ամուսնացած ենք:

- Այսինքն` այս ամենը ձե՞ռք է տալիս Ձեզ:

- Իհարկե` ոչ: Ես ողջ ժամանակ լացում եմ, անհանգստանում, բայց դե ամուսինս ինձ հետ կապված է: Մի խոսքով, ես խղճում եմ նրան:

- Դե եթե Դուք չեք ափսոսում Ձեր սիրային հարաբերությունները, մենք՝ առավել ևս: Մենք պատրաստ ենք ընդունել Ձեր զոհը:

- Իսկ ինձ ասել են, որ Ձեզ մոտ այստեղ կինոնկար են ցուցադրում ապագայի մասին: Ինչո՞ւ եք իմ զոհը միանգամից ընդունում: Ինձ ինչո՞ւ կինոնկար չեք ցուցադրում:

- Այստեղ ամեն տեսակի կինոնկարներ էլ ցուցադրվում են: Մեկին ապագայի մասին կինոնկար ենք ցուցադրում, մյուսին՝ ներկայի, մի երրորդին էլ՝ անցյալի: Ձեզ ներկայի մասին կինոնկար ցույց կտանք: Դե միացնում ենք, նայեք էկրանին:

- Աստված իմ, սա ես եմ: Ուսերս ներքև ընկած, աչքերիս փայլը մարած, մազերս գզգզված: Մի՞թե ես իրոք այսպիսի տեսք ունեմ: Չէ, չէ, ես հետևում եմ իմ արտաքինին:

- Կինոնկարում Ձեր ներքինն է արտացոլվել` Ձեր արտաքին տեսքի վրա:

- Իսկ սա ի՞նչ բալիկ է: Ի՜նչ լավիկն է: Տեսեք, թե ոնց է ինձ կպել, պոկ չի գալիս:

- Սա Ձեր ամուսինն է: Մի՞թե չճանաչեցիք:

- Ամուսի՞նս, չէ մի. ամուսինս մեծ մարդ է, ոչ թե երեխա:

- Նրա հոգին է արտացոլված կինոնկարում: Նա դեռ երեխա է, այդպես էլ պոկ չի գալիս մայրիկից:

-  Շատ հետքրքիր է, սակայն ես նրա մայրիկը չեմ:

- Նա միշտ էլ կվերադառնա մայրիկի մոտ, մռութիկը կդնի մայրիկի գոգին, կլացի, իսկ մայրիկը կների նրա բոլոր մեղքերը: Դե վերջ, կինոնկարն ավարտվեց: Դուք դեռ նույն մտքի՞ն եք: Ցանկանո՞ւմ եք զոհաբերել Ձեր հարաբերությունները:

-  Իսկ ապագայի մասին ինչո՞ւ ոչինչ չեք ցուցադրում:

-  Իսկ Դուք ապագա չունեք: Կմեծանա ու կփախչի Ձեզնից Ձեր բալիկը, եթե նույնիսկ ուրիշ կնոջ մոտ էլ չգնա, կհիվանդանա ու ... մի խոսքով, Ձեզնից ազատվելու ձև կգտնի:

- Այդ դեպքում հանուն ինչի՞ եմ ես ինքնազոհաբերության գնում: Հանուն այս երեխայի՞, ով այդպես էլ հասուն մարդ չի դառնում:

- Դուք կիմանաք: Բոլոր դեպքերում, եթե որոշեք զոհաբերության գնալ, մենք սիրով կընդունենք Ձեր հարաբերությունները: Դրանք բավականին լավ վիճակում են:

- Իսկ ի՞նչ կարող եմ անել, որ ամուսինս մեծանա:

- Պարզապես դո՛ւրս եկեք հոգատար մայրիկի կերպարից:

Կինը որոշում է ևս որոշ ժամանակ մտածել նախքան վերջնական որոշում կայացնելը և դուրս է գալիս ընդունարանից՝ առանց զոհաբերություն մատուցելու: Նա ամուր կրծքին է սեղմում իր հարաբերությունները:

Այսպես մեկը մյուսի հետևից սպասասրահով անցնում են տարբեր մարդիկ՝ կրծքին ամուր սեղմելով հարաբերությունները, տաղանդը, ցանկությունները, ընդունակությունները, կարիերան, հնարավորությունները, մի խոսքով, այն ամենը, ինչ նրանք պատրաստ են ինքնամոռաց կերպով զոհաբերելու:

Պատմվածքի հեղինակ Իրինա Սեմինա