Հրանտ փղիկն առաջին անգամ հանդիպել է հարսնացուին


14:35 , 17 հունիս, 2014

Lurer.com-ը գրում է.

17-ամյա փղուհու՝ Մալկայի և նրա ապագա ամուսնու՝ 18-ամյա ասիական փղի՝ Հրանտի միջև, որը Երևանից մշտական բնակության է տեղափոխվել Վրաստանի մայրաքաղաք, առաջին տեսակցությունը կայացել է հունիսի 15-ին Թբիլիսիի կենդանաբանական այգում: «Այսօր շատ հետաքրքրական և կարևոր օր էր ասիական փղերի համար: Կայացել է Հրանտի և Մալկայի առաջին տեսակցությունը: Ո՛չ, նրանք ձեռք-ձեռքի տված չեն զբոսնել կենդանաբանական այգում, չեն նստել նստարանին և չեն գրկախառնվել: Նրանք միայն առաջին անգամ հանդիպել են միմյանց հետ: Բոլորը շատ լարված էին, քանի որ ոչ ոք չգիտեր, թե ինչով կվերջանա նրանց տեսակցությունը»,- հաղորդել է Թբիլիսիի կենդանաբանական այգին:

Բարեբախտաբար, առաջին տեսակցությունն անցել է բարեհաջող: Նշվում է, որ Մալկան իրեն պահել է արժանավայել, իսկ փեսացուն փոքր-ինչ շփոթված է եղել: Կենդանաբանական այգու աշխատողների խոսքով՝ Հրանտն ավելի գերադասում է խնձոր անուշ անել և ճղփացնել ջրում, քան սիրահետել իր հարսնացուին: «Հաջորդ տեսակցությունը պլանավորված է հունիսի 17-ին»,- հայտնել են Թբիլիսիի կենդանաբանական այգում:

Վեցտոննանոց Հրանտին Թբիլիսի են բերել Երևանից հունիսի 12-ին` DHL փոստային ծառայության հատուկ կոնտեյներով, հաղորդել է «Նովոստի Գրուզիան»: