«Հայաստանի տարածքի 81 տոկոսը դեգրադացվում է, իսկ 32 տոկոսն անապատացվում»


13:16 , 17 հունիս, 2014

«Հայաստանի տարածքի 81 տոկոսը դեգրադացվում է,  իսկ 32 տոկոսն անապատացվում»Panorama.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի կոնվենցիային միացել է 193 երկիր, այդ թվում նաև Հայաստանը, այսինքն բոլոր այդ երկրներում անապատացաման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը:

Ա. Վարդևանյանի խոսքով, Հայաստանն ունի չոր և կիսաչոր տարածքներ և այդ առումով անապատացման երևույթները հստակ արտահայտվում են: Նա նշեց, որ անապատացմանը հանգեցնում է երեք գործոն՝ անտառների հատում, հատկապես ապօրինի անտառհատում, գերարածեցում, գյուղատնտեսության ոչ ճիշտ կիրառում:

Գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանն ասաց, որ Հայաստանում վատ վիճակում են գտնվում անտառները. «1990-ականներին անտառների մեծ կորուստներ ունեցանք, հատվեցին հիմնականում բարձրարժեք ծատառեսակները՝ հաճար, կաղնի: Այսօր անտառները վերականգնվում են անցանկալի ծառատեսակներով» :

Բնապահպան Ինգա Զառաֆյանն ասաց, որ տասը տարի շարունակ ոլորտի պատասխանատուները նշում են, որ Հայաստանի ավելի քան 81 տոկոսը  անապատացմանը ենթարկվող տարածքներ են: Նա նշեց, որ Հայաստանում կատարվում են գործընթացներ՝ հանքարդյունաբերության ոլորտում հանքանյութերի արդյունահանման ավելացում, փոքր ՀԷԿ-երի զարգացում, որոնք բերում են իրենց շրջակայքում անապատացում: Ա. Վարդևանյանն էլ ասաց, որ այսօր Հայաստանի տարածքի 81 տոկոսը դեգրադացվում է՝ տարբեր աստիճանի, իսկ 32 տոկոսն անապատացվում է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ