09:16 , 17 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
Իսլամիստ գրոհայիններից օրեր առաջ ազատագրված Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի հայերը, որոնք ամիսներ առաջ ապաստանել էին հարևան Լաթաքիայում և այլ բնակավայրերում, չեն շտապում վերադառնալ իրենց բնակարաններ, քանի որ այնտեղ դեռ լիարժեք անվտանգություն չկա:
Քեսաբցի Հակոբ Քորթմոսյանը, ով չորս ամիս առաջ Հայաստան էր եկել, Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ կապվել է հարազատների հետ, ովքեր երեկ Քեսաբ էին գնացել, որպեսզի տեսնեն՝ ինչ իրավիճակ է այնտեղ, վերջիններս էլ ասել են, որ հետ են գնում Լաթաքիա, որովհետև Քեսաբում «վերջնական ապահովություն չկա»: «Հոսանքն անջատել են, հեռախոսակապերն անջատել են: Հիմա ուղղակի գնում են, տեսնեն՝ ինչ է մնացել, ինչպես կարող են վերակառուցել, մինչև այդ խնդիրները կլուծվեն»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ քաղաքն ամբողջությամբ ազատագրել են, պարզապես պետք է այդ ապահովության խնդիրը լուծվի, որովհետև սահմանն ամբողջությամբ ականապատված է, և հիմա բանակը խմբեր է տրամադրել, որպեսզի այդ տարածքներն ականազերծվեն:
«Եկեղեցիներն այրել են, մշակութային կենտրոններն ամբողջությամբ թալանել ու կողոպտել են: Վնասը շատ է, անգամ գյուղատնտեսական տեխնիկան գողացել ու տարել են, ոչ մի բան չեն թողել: Որոշ մարդկանց տներ էլ այրել են»,- ասաց նա և հավելեց, որ առաջիկա օրերին ինքը կգնա Քեսաբ, որպեսզի օժանդակի քաղաքի վերակառուցմանը:
Սիրիական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Լաթաքիայի նահանգապետը խոստացել է 3 օրվա ընթացքում լուծել Քեսաբ ավանի ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, հաղորդակցության և կապի միջոցների վերականգնման հարցը: Սիրիական պետական լրատվամիջոցը հաղորդել է, թե 250 ընտանիքներ արդեն վերադառնում են Քեսաբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ