«Ամենքը փորձում են օր առաջ հասնել տուն». Հայերը վերադառնում են Քեսաբ


21:58 , 16 հունիս, 2014

«Ամենքը փորձում են օր առաջ հասնել տուն». Հայերը վերադառնում են ՔեսաբPanorama.am-ը գրում է.

Քեսաբ ավանի ազատագրման մասին լուրը լսելուն պես ավանի և շրջակա գյուղերի բնակիչներն անհամբեր կապել են ճամպրուկներն ու սպասում են տուն վերադարձին: Մի մասն արդեն գնացել է տեսել, թե ինչ վիճակ է. կենցաղային պայմաններն ապահովելուց հետո արդեն մյուսները կվերադառնան տուն:

«Անշուշտ վերադառնալու ենք»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում գտնվող քեսաբահայ Աստղիկ Աշըգյանը և հավելեց, որ ծնողները պիտի գնան հնարավորինս շուտ:

Նա նշեց, որ կապ են հաստատել, տեղեկացել են, որ իրենց տան դռներն ու պատուհանները կոտրված են, ունեցվածքը, գյուղատնտեսական ապրանքները գողացած:

«Քեսաբում, ճիշտ է, տներն այրված են ու թալանված, բայց ոչ մի թուրք չկա: Ժողովուրդը Լաթաքիայից գնում է Քեսաբ: Միայն տղամարդիկ են գնում, որ տեսնեն ինչպես է, կարգավորեն, հետո ընտանիքները տանեն: Հայաստանից այսօր երեկոյան մեկը գնում է: 
Ամենքը փորձում են օր առաջ հասնել տուն»,- Panorama.am-ին ասաց Քեսապ հայրենակցական միավորման քարտուղար Վահան Սարմազյանը:

Քեսաբում տիրող իրավիճակին հետևում է նաև Հայաստանի Սփյուռքի նախարարությունը: Աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձևավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ այսօր առավոտյան նախարարը խոսել է Քեսաբի ղեկավար Վազգեն Չափարյանի հետ, նրանց մոտ բարձր տրամադրություն է, Լաթաքիայում ապաստանած ընտանիքները վերադառնում են Քեսաբ:

«Այս պահի դրությամբ Քեսաբում տարվում են ջրամատակարարման և էլեկտրասնուցման վերականգնման աշխատանքներ: Տներ կան, որ վնասված են, այրված, բայց մեծ մասը չի տուժել և լրացուցիչ վերանորոգման կարիք չունեն: Վնասված տների վերանորոգումից հետո նրանց տերերն էլ կվերադառնան»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ