21:52 , 16 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
«Քեսաբի և շրջակա գյուղերի վրա վերահսկողությունը վերականգնելու նպատակով սիրիական բանակի նախաձեռնած գործողությունը սպասված էր և տեղավորվում է սիրիական ճգնաժամի վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցող գործընթացների տրամաբանության մեջ»,- այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ մեկնաբանելով հունիսի 14-ին սիրիական բանակի կողմից Քեսաբի ազատագրման մասին տեղեկատվությունը:
Արաբագետի կարծիքով՝ երկրում նախագահական ընտրությունների անցկացումից և Բաշար ալ-Ասադի տարած վստահ հաղթանակից հետո փոխվեց նաև սիրիական բանակի ռազմավարությունը, այսինքն՝ մինչ այս հիմնականում սեփական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներից սիրիական բանակային ստորաբաժանումները, նրանց աջակցող՝ լիբանանյան «Հեզբալլահի», ինչպես նաև՝ ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի միասնական ստորաբաժանումներն աստիճանաբար անցնում են նաև հարձակողական մարտավարության՝ փորձելով վերադարձնել ռազմավարական և աշխարհագրական կարևորություն ունեցող առանձին շրջաններ. հենց այս տրամաբանության մեջ է Քեսաբի ազատագրման գործողությունը:
«Վերոնշյալի համատեքստում առաջնային նշանակություն ուներ մայիսի վերջից իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների վերահսկողության ներքո գտնվող Քեսաբի ազատագրման գործողության նախաձեռնումը: Հիշեցնեմ՝ այս շրջանը զբաղեցնում է մեծամասամբ ալաուիներով (շիայական իսլամի այս ուղղությանն է պատկանում նաև ՍԱՀ նախագահ Բաշար ալ-Ասադը) բնակեցված Լաթակիա նահանգի հյուսիսային հատվածն՝ անմիջականորեն Թուրքիայի հետ սահմանին, որտեղից էլ Քեսաբի դեմ գրոհն իրականացրին «Նուսրայի ճակատ» և «Իսլամական ճակատ» իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումների զինյալները: Եվ բացի այդ, շրջանի ազատագրմամբ հաջողվեց խափանել հակակառավարական ուժերի՝ դեպի ծով ելք ունենալու և այդ ճանապարհով՝ համակողմանի համալրումներ ստանալու հնարավորույթունը: Իսկ երկրորդական նշանակության առումով, գուցե՝ հոգեբանական տեսանկյունից Քեսաբի ազատագրումը նաև կարելի է որպես «հատուցում» համարել հայերին և ալաուիներին ալ-Ասադի կողմից ընտրությունների ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության համար»,- նկատեց փորձագետը:
Խոսելով բնակավայրի ներկա վիճակի և նրա անվտանգության հեռանկարների մասին՝ Պետրոսյանը նշեց, որ հասանելի տեսանյութերից, լուսանկարներից կարելի է դատել, որ շրջանը հիմնականում թալանված, կողոպտված վիճակում է, առանձին ազգային-հոգևոր կառույցներ՝ վնասված:
Ի տարբերություն մինչև մարտյան հարձակումը եղած իրավիճակի, երբ սիրիա-թուրքական սահմանը վերահսկվում էր թուրքական բանակի կողմից, քանի որ 1952-1953 թվականներին Սիրիայի հետ կնքված համաձայնագրի համաձայն, երկու հարևան երկրների միջև սահմանը փաստացի վերահսկում էր Անկարան, իսկ սիրիական ծանր հրետանին պետք է տեղակայվեր սահմանազատման գծից մոտ 5 կմ հեռավորության վրա, ապա ներկայում սահմանի անառիկությունը պահպանելու պարտականությունը սիրիական կառավարական ուժերի վրա է, և հետագայում նման հարձակումներից խուսափելու համար, տրամաբանական է, որ շրջանի անվտանգությունը պետք է պահպանվի ամենաբարձր մակարդակով. այս համատեքստում շրջանի համար ամենահավանական սպառնալիքը կարող է գալ միայն Լաթակիայից Արևմուտք գտնվող Իդլիբի նահանգից, ինչը, թերևս, նույնպես դիտարկվում է սիրիական իշխանությունների կողմից:
«Կարծում եմ, այս պարագայում միայն հնարավոր կլինի զանգվածաբար վերաբնակեցնել շրջանը»,- նշեց Պետրոսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ