Քերին չի բացառել Իրաքում իրավիճակի կապակցությամբ Իրանի հետ համագործակցությունը


19:52 , 16 հունիս, 2014

10053875331in.am-ը գրում է.

Երկուշաբթի օրն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ չի բացառում Իրաքում իրավիճակի սրման կապակցությամբ Իրանի հետ համագործակցությունը, հայտնում է NBC News-ը:

Իրանի հետ հնարավոր համագործակցության մասին հարցին պատասխանելով՝ Քերին ասել է. «Ես չեմ բացառի ոչինչ, ինչը կարող է արդյունավետ լինել»: Նա հավելել է, որ Իրաքում մի շարք խոշոր քաղաքներ գրաված զինյալների գործողությունները սպառնում են ոչ միայն այդ երկրին և տարածաշրջանին, այլև ԱՄՆ-ին և Եվրոպային:

Reuters գործակալությունը հայտնում է, որ Քերին նաև նշել է, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարի միջոցներից կարող են լինել ԱՄՆ ռազմաօդային ուժերի օդային հարվածները: «Երբ մարդիկ են զոհվում, անհրաժեշտ է դրան վերջ տալ՝ օդից, թե որևէ այլ տեղից»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:

Անցած շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր չէ «զորքերին հետ ուղարկել Իրաք պատերազմելու» , սակայն նշել է, որ Սպիտակ տունը քննարկում է Իրաքի իշխանություններին օգնելու այլ ձևեր: Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել էր, որ պատրաստ է քննարկել Իրաքում խաղաղության վերականգնման համար ԱՄՆ-ի հետ համագործակցության հնարավորությունը: