Գերմանիա-Պորտուգալիա խաղին ընդառաջ


17:46 , 16 հունիս, 2014

Գերմանիա-Պորտուգալիա խաղին ընդառաջPanorama.am-ը գրում է.

Այսօր Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում ելույթները կսկսեն հերթական ֆավորիտները` Գերմանիայի ու Պորտուգալիայի հավաքականները: Ընդ որում` նրանք կհանդիպեն առերես խաղում: Այս հանդիպման հաղթողը լուրջ քայլ կկատարի խմբից դուրս գալու ճանապարհին, իսկ պարտվողն ստիպված կլինի նյարդայնանալ Գանայի ու ԱՄՆ-ի ամուր թիմերի հետ հանդիպումներից առաջ:

Գերմանիա-Պորտուգալիա հանդիպման նախօրեին գլխավոր հարցն այն է, թե արդյոք Քրիշտիանու Ռոնալդուն կհասցնի՞ ոչ միայն ապաքինվել, այլ նաև վնասվածքից հետո լավ մարզավիճակ ձեռք բերել ու խաղադաշտում ցուցադրել իր հնարավորությունների առավելագույնը: Հասկանալի է, որ Պորտուգալիայի ընտրանին նրա հետ և առանց նրա տարբեր կերպ է դիտվում: Բավական է հիշել, թե ինչպես Պաուլու Բենտուի թիմն աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց: Հենց Քրիշտիանուն իր ուսերի վրա տարավ հավաքականին Շվեդիայի ազգային թիմի հետ անցումային խաղերում:

Եթե Ռոնալդուն, այնուամենայնիվ, կմասնակցի աշխարհի առաջնությանը, ապա Գերմանիայի հավաքականի առաջատար ֆուտբոլիստներից մեկը` Մարկո Ռոյսը, վնասվածքի պատճառով բաց է թողնում Մունդիալը, և դա շատ լուրջ կորուստ է: Ի դեպ, Գերմանիայի հավաքականի հարձակման գիծն ահեղ տեսք ունի նաև Դորտմունդի «Բորուսիայի» առաջատարի բացակայությամբ. չէ՞ որ Յոահիմ Լյովի տրամադրության տակ այնպիսի ֆուտբոլիստներ կան, ինչպիսիք են Մարիո Գետցեն, Թոմաս Մյուլլերը, Լուկաս Պոդոլսկին, Անդրե Շյուրլեն, ինչպես նաև փլեյմեյքերներ Մեսուտ Օզիլն ու Տոնի Կրոոսը: Ճիշտ է` գերմանացիները միայն մեկ դասական հարձակվող ունեն` Միրոսլավ Կլոզեն, որովհետև Մարիո Գոմեսը «Ֆիորենտինայում» հաճախ վնասվածքներ ստացավ, ինչի պատճառով դուրս մնաց Բունդեսթիմի կազմից: Գերմանիայի հավաքականը կարող է խաղալ առանց անվանական հարձակվողի, ինչին ականատես ենք եղել թիմի վերջին ընկերական խաղերում: Հավաքականի հարձակման կենտրոնում կարող են գործել Թոմաս Մյուլլերն ու Մարիո Գետցեն, և նրանցից յուրաքանչյուրն ակտիվորեն կփոխի դիրքը հարձակողական կիսապաշտպանների հետ` խառնաշփոթ առաջացնելով պորտուգալական թիմի պաշտպանությունում: Եթե Լյովը շեշտը դնի Կլոզեի վրա, Գերմանիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն հնարավորություն կստանա աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով ոչ միայն հավասարվել Ռոնալդոյին, այլև գերազանցել նրան: Կլոզեն ներկա պահին 14 գոլի հեղինակ է, իսկ Ռոնալդոն` 15:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ