15:10 , 16 հունիս, 2014
Հայաստանի տնտեսության ողնաշարը հանքարդյունաբերությունն է, որի ողնաշարն էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է: Նորանկախ Հայաստանի հանքարդյունաբերության վերածնունդը կապված է մեկ մեծ հայի՝ Մաքսիմ Հակոբյանի անվան հետ: Նա այն մարդն է, ով իր վրա պատասխանատվություն վերցրեց նախ թույլ չտալու թալանել ու կործանել հանքարդյունաբերությունը, այնուհետ սկիզբ դրեց այդ ոլորտի ծաղկմանը: Ինքս շատ մոտ լինելով հանքարդյունաբերության բնագավառին, փոքրուց մեծացած լինելով հանքարդյունաբերության կառավարման հետ փորձ ունեցող ընտանիքում՝ շատ լավ պատկերացնում եմ, թե իրականում ինչ արեց Մաքսիմ Մակոբյանն այդ ոլորտի փրկության և զարգացման համար: Մաքսիմ Հակոբյանը նպաստեց այլ ճյուղերի, սպասարկող բիզնեսների զարգացմանը, որքան բարեգործություններ արեց, բայց համառորեն թույլ չտվեց, որ դրանց մասին խոսենք (սա իրական բարեգործություն է, որի տակ անձնական և քաղաքական նպատակներ քողարկված չեն) և այլ, և այլ, և այլ : Այն, ինչ արեց Մաքսիմ Հակոբյանը, իրոք հերոսություն է և, ամենակարևորը, նրա կառավարման արդյունքում մոտ մեկ միլիարդ դոլար արտերկրից ներդրում է կատարվել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում (փաստացի նորանկախ Հայաստանի պատմության մեջ Մաքսիմ Հակոբյանը Հայաստան է բերել ամենամեծ գումարային ներդրումը): Այսօր կարդացի, որ մեր սյունեցի ավագ ընկեր Մաքսիմ Անուշավանիչը թողնում է կոմբինատի ուղիղ կառավարումն ու ստանձնում նախագահների նախագահի ղեկավար պոստը. ես հասկացա, որ իմ սերնդի ուսերին ևս մի շատ կարևոր ու պատասխանատու բեռ է մնում, քանզի նրա նման պրոֆեսիոնալ ու հայրենասեր կառավարիչներ մեր երկրում շատ քիչ են: Հայաստանին օգնելու համար Քըրք Քրքորյանն արժանացավ Հայաստանի ազգային հերոսի կոչմանը: Ես վստահ եմ, որ այն ամենն ինչ արեց այս տարիներին Մաքսիմ Հակոբյանը, նա ևս արժանի է նման կոչման և մի օր այդ կոչումը նա հաստատ կստանա:
Լինելով սյունեցի՝ հպարտ եմ նման հայրենակից ունենալու համար: