Հայաստանում մեծանում է անքնությամբ տառապող մարդկանց թիվը


13:01 , 16 հունիս, 2014

Հայաստանում մեծանում է անքնությամբ տառապող մարդկանց թիվըPanorama.am-ը գրում է.

Երկրագնդի բնակչության 40-45 տոկոսն այսօր տառապում է քնի տարատեսակ խանգարումներով, իսկ մարդկության 15-20 տոկոսն էլ ունի խրոնիկական անքնություն: Զարգացած երկրներում քնի խանգարումների բուժումը հանդիսանում է առողջապահական ամենալուրջ հիմնախնդիրներից մեկը, մինչդեռ Հայաստանում այս ոլորտին դեռևս լուրջ ուշադրություն չի դարձվում:

Հայաստանում ևս գնալով մեծանում է անքնությամբ տառապող մարդկանց թիվը:

«Իրականում քնաբանության կամ քնի բժշկության ոլորտը կարևոր նշանակություն ունի, բայց չգիտես ինչու այն Հայաստանում անտեսված է»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նյարդաբան Սամսոն Խաչատրյանը:

Նշենք, որ 2011 թվականից Հայաստանում գործում է «Քնի խանգարումների ասոցացիան», որի նախագահն է քնաբան, նյարդաբան, բժշկական գիտությունների թեկնածու «Սոմնուս» քնի և շարժողական խանգարումների կլինիկայի ղեկավար Սամսոն Խաչատրյանը: 

Ըստ նրա` քնի բժշկությունը համեմատաբար նոր ուղղություն է ժամանակակից բժշկության մեջ, որը ձևավորվել է 1970-ական թվականների սկզբին: Նրա խոսքերով` Ամերիկայի Միացյալ Նահանգներում քնի մասնագետին կոչում են «Sleep Specialist», իսկ Եվրոպայում ավելի ընդունված է «Sonolog» տերմինը (քնաբան): Քնաբանը առանձին մասնագիտություն չէ. այն մարդիկ, ովքեր աշխատում են տարբեր մասնագիտական դաշտերում և առնչվում են քնի խանգարումների հետ (օրինակ՝ նյարդաբանը, հոգեբույժը, հոգեբանը, թոքաբանը), նրանք կարող են նաև դառնալ սոնոլոգ:

Ս.Խաչատրյանը նշեց, որ մասնագետները քնի խանգարման տարբեր տեսակներ են առանձնացնում: Մեծ տարածում ունեն անքնությունը, քնի շնչառական խանգարումները (խռմփոց), քնի շնչարգելությունը կամ շնչադադարը, քնի ավելցուկը, նաև անհանգիստ ոտքերի համախտանիշը: Վերջինիս դեպքում, ըստ նյարդաբանի, մարդը երեկոյան քնի ժամանակ ոտքերում տարօրինակ տհաճ զգացողություն է ունենում, որը ստիպում է մարդուն հաճախակի շարժել ոտքերը`այդ զգացողություններից ազատվելու կամ դրանք մեղմելու համար: Դրանից էլ կարող է առաջանալ երկրորդային անքնություն:

Անդրադառնալով Հայաստանում տարածված քնի խանգարումներին, նա նշեց, որ մինչ օրս այդ ուղղությամբ համապարփակ համաճարակաբանական հետազոտություններ չեն անցկացվել: Հանրապետությունում քնի խանգարումների հայտնաբերելիությունը ցածր է, քանի որ լիարժեք ուսումնասիրություններ իրականացնելու համար համարժեք կլինիկական չափանիշներ ներդրված չեն: Այդուհանդերձ, որոշ հետազոտություններ արվել են իրենց կողմից: Մասնավորապես, 2006-2007թթ-ին անցկացվել է միայն քնի խանգարման անհանգիստ ոտքեր համախտանիշի վերաբերյալ ուսումնասիրություն 18-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիների շրջանում: Արդյունքում պարզվել է, որ հարցվածների 8 տոկոսն ունի այս ախտանիշը: Նա միաժամանակ նշեց, որ Հայաստանում, ըստ ամենայնի, քնի խանգարումների ծավալները նույնն են, ինչ զարգացած երկրներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ