12:17 , 15 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Աննորմալ իրավիճակ է, երբ մի երկրի ռազմավարական դաշնակից պետությունը այդ երկրի հակառակորդին զինում է ժամանակակից զենքով, իսկ դաշնակից պետությունը դրան որևէ համարժեք պատասխան համառորեն չի տալիս։
Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ կանի Իսրայելի իշխանությունը, եթե Միացյալ Նահանգները ստրատեգիական նշանակության ժամանակակից զենք վաճառի Սիրիային կամ Լիբանանին, կամ Պաղեստինին: Հազիվ թե Իսրայելի իշխանությունը լռի, և առավել ևս հայտարարի, թե «ոչինչ, մեկ ա մենք չէինք պատրաստվում իրենց այս կամ այն բանն անելե: Թուրքիան ընդամենն ինչ-որ քայլեր էր անում Հայաստանի հետ սահմանը բացելու մասին արձանագրություն ստորագրելու և վավերացնելու ուղղությամբ, իսկ Ադրբեջանի իշխանությունն արդեն դժգոհությունը դժգոհության հետևից էր հայտնում թուրքերի այդ քաղաքականության հանդեպ` դա համարելով թիկունքից հարված Ադրբեջանին: Իսկ մենք, մեր իշխանությունը, մեր պետական քաղաքականության «մշակները» որևէ կերպ իրենց դժգոհությունը կամ անհանգստությունը չհայտնեցին ռուս-ադրբեջանական գործարքի կապակցությամբ, որևէ կերպ չհամարձակվեցին պարտավորեցնել Ռուսաստանին պաշտոնական մակարդակով ընդունել Հայաստանի մտահոգությունն ու հրապարակավ փարատել այն:
Բանն այն է, որ դա պետական արժանապատվության, պետական սուբյեկտության խնդիր է: Դրանով է աշխարհը կարծիք կազմելու Հայաստանի քաղաքական սուբյեկտության մասին, դրանով է աշխարհը չափելու, թե ընդհանրապես ինչպես է հնարավոր Հայաստանի հետ խոսել այս կամ այն դեպքում և ինչ չափանիշներ ու չափորոշիչներ են առկա արտաքին քաղաքականության, ռազմավարական գործընկերության, ռազմավարական դաշնակցության մասին հայաստանյան պետական պատկերացումներում: Սակայն Հայաստանն այդ ամենի փոխարեն ոչ միայն լռում է, այլ սկսում է արդարացնել Ռուսաստանին: Ինչպես է վերաբերվելու աշխարհն այդպիսի պետությանը, ինչ է կարծելու այդ պետության մասին:
Հայաստանի իշխանությունը հավանաբար կարծում է, որ եթե արարողակարգային հանդիպումներում հիացմունք են հայտնում Հայաստանի ձեռքբերումների մասին և գովեստի մի քանի խոսքեր հղում նաև Հայաստանի բանակին, ուրեմն Հայաստանն ընկալում են իբրև միջազգային քաղաքականության սուբյեկտ, որի հետ կարելի է լրջորեն խոսել համաշխարհային քաղաքականության խնդիրների և զարգացման սցենարների մասին: Իրականում, սակայն, Հայաստանն իր այնպիսի պահվածքով, ինչպիսին ասենք` Ռուսաստանի հակադաշնակցային և հակահայ գործարքի արդարացումն է, չի կարող հավակնել որևէ լուրջ քաղաքական նախագծի կամ գործընթացի մեջ գործընկեր ընկալվելուն, քանի որ աշխարհում այդ ընկալումները ձևավորվում են հենց այն չափանիշների և չափորոշիչների սանդղակով, որ տվյալ պետությունն ունենում է այլ պետությունների հանդեպ` լինեն դրանք դաշնակից, գործընկեր թե պարզապես հարևան:
Շարունակությունն՝ այստեղ