22:07 , 13 հունիս, 2014
Իրաքի ամենահեղինակավոր շիայական հոգևոր առաջնորդներից այաթոլլա Ալի ալ-Հուսայինի ալ-Սիսթանին կոչ է արել զենք կրելու ընդունակ բոլոր իրաքցիներին՝ «սրբազան պատերազմի» դուրս գալ՝ պաշտպանելու երկիրը և նրա սրբավայրերը «Իրաքի և Շամի Իսլամական պետություն» իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության զինյալներից, որոնք 2014թ. սկզբից և հատկապես վերջին օրերին զգալի տարածքներ են գրավել Իրանի արևմտյան և հյուսիս-արևմտյան շրջաններում: Ալ-Սիսթանիի ուղերձն ընթերցվել է իսլամի շիայական ուղղության հետևորդների համար կարևորագույն սրբավայր հանդիսացող Քերբալայում տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքի ընթացքում:
Նման ուղերձները, Իրանի կողմից արդեն իսկ նկատվող միջամտության միտումները Իրաքի տարածքում տեղի ունեցող գործընթացներին և, դրան հակառակ, Պարսից Ծոցի սուննիական միապետությունների, Թուրքիայի հնարավոր աջակցությունը ոչ թե անմիջականորեն ԻՇԻՊ-ին, այլ առիթից օգտվող և հատկապես կազմակերպված բնույթ ունեցող այլ ծայրահեղական կառույցներին, առավել հավանական են դարձնում դեռևս 3.5 տարի առաջ սիրիական ճգնաժամի սկզբում կանխատեսվող ներիսլամական հակամարտությունը՝ իսլամի շիա և սուննի ուղղությունների միջև, որի հետևանքներըն, անխոս, աղետալի կարող են լինել ամբողջ Մերձավոր Արևելքի համար: