21:45 , 13 հունիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում մարզպետների ուշադրությունը հրավիրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերջին փոփոխություններով սահմանված պահանջների կատարման խնդրին՝ ընդգծելով, որ կառավարությունը կարևորում է օրենքով նախատեսված մոտեցումների պահպանումը՝ առանց որևէ վերապահման կամ բացառությունների: Նա առաջարկել է կառավարության դիրքորոշումը փոխանցել նաև մարզային ենթակայության հիմնարկների ղեկավարներին:
Այս մասին հայտնում են Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հանդիպմանը քննարկվել են մարզպետարանների ենթակայության առողջապահական հաստատություններում, ինչպես նաև մարզային սոցիալական ծառայություններում Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքների և արձանագրված խախտումների հետ կապված հարցեր: Փոխվարչապետն անթույլատրելի է համարել նշված հաստատություններում խախտումների դեպքերը և մարզպետներին առաջարկել է սեղմ ժամկետներում քննության առնել արձանագրված փաստերը, պարզել պատճառները, իսկ մեղավորներին պատասխանատվության ենթարկել:
Խորհրդակցությանը ներկայացվել են հանրապետության համայնքների սեփական եկամուտների հավաքագրման 2014թ. առաջին հինգ ամիսների կատարողականի ցուցանիշները, ինչպես նաև համայնքների աշխատավարձի գծով պարտքերի վերաբերյալ տվյալներ: Նշվել է, որ 2014թ. ընթացքում պարտքեր են կուտակվել մի շարք մարզերում, ընդհանուր՝ 17,3 մլն դրամի չափով: Փոխվարչապետն անթույլատրելի է համարել ընթացիկ պարտքերի կուտակումը՝ նկատելով, որ հուլիսի 1-ից նախատեսվում է նաև նվազագույն աշխատավարձի բարձրացում, և համայնքներում պետք է առավելագույն ուշադրություն դարձվի բյուջետային կարգապահությանը՝ նախատեսված ծրագրերը և ֆինանսական պարտավորություններն ամբողջությամբ և ողջ ծավալով իրականացնելու համար: Փոխվարչապետը մարզպետներին հորդորել է խնդիրը պահել ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ