18:55 , 13 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
«Հարավային հոսք» գազատարի նախագիծն առաջնային չէ, այն չի ապահովում Եվրոպայի գազամատակարարման դիվերսիֆիկացիան՝ APA-ին տված հարցազրույցում ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն:
«Եվրահանձնաժողովը դեմ չէ «Հարավային հոսք» նախագծին, և մենք բազմիցս հայտարարել ենք այս մասին: Բայց միաժամանակ, նախագիծն առաջնային չէ, քանի որ չի ապահովում Եվրոպայի գազամատակարարման դիվերսիֆիկացիան»,- ասել է Բարոզուն՝ մեկնաբանելով այն հարցը, որ Ուկրաինայում իրադարձություններից հետո առաջարկվել էր դադարեցնել տվյալ նախագիծը: Նա նաև ասել է, որ «Հարավային հոսքը» ԵՄ-ում, ինչպես և ցանկացած այլ էներգանախագիծ, պետք է 100%-ով համապատասխանի էներգետիկայի, մրցակցության և այլ կանոններով Եվրոպայի պահանջներին:
Նրա խոսքով՝ «Եվրահանձնաժողովը կասկածել է «Հարավային հոսք» նախագծի կարգավորող և կազմակերպչական բաղադրիչների, նաև համապատասխան միջկառավարական պայմանագրերի՝ ԵՄ օրենսդրությանը համապատասխանությանը և այս մասին հայտնել է նախագծով շահագրգռված անդամ երկրներին»:
Նախատեսվում է, որ «Հարավային հոսք» գազատարի առաջին ճյուղը կգործի 2015-ի վերջին: