16:24 , 13 հունիս, 2014
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվեց Վարդան Պետրոսյանի նկատմամբ անցյալ շաբաթ հետաձգված դատավարությունը:
Դատական նիստն այսօր, շարունակվեց գործում առկա ապացույցների հետազոտմամբ:
Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդությամբ՝ դատարանում նախ հրապարակվեցին Վարդան Պետրոսյանի հարցաքննությանը վերաբերող ապացույցները:
Նոյեմբերի 8-ին քննիչի կազմած տեղեկանքի համաձայն՝ նույն օրը նա Նիկոլայ Բաղդասարյանին տեղյակ է պահել՝ նոյեմբերի 9-ին Վարդան Պետրոսյանի նախանշված հարցաքննության մասին, սակայն նա պատճառաբանել է, թե այդ օրը հրավիրված է «խաշ ուտելու»:
Ապա, ըստ քննիչ Հակոբյանի կազմած փաստաթղթի, արդեն հարցաքննության օրը Վարդան Պետրոսյանը հրաժարվել է հարցաքննությունից և հայտարարել, որ ցանկանում է Նիկոլայ Բաղդասարյանին ներգրավել՝ որպես իր շահերի պաշտպան, ուստի՝ առանց նրա մասնակցության ցուցմունք չի տա: Դրան քննիչը պատասխանել է, թե նրա փաստաբանը գնացել է «խաշ ուտելու»:
Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանն ի պատասխան արձագանքեց, թե Վարդան Պետրոսյանը բազմաթիվ անգամ հնարավորություն է ունեցել ցուցմունք տալու, բայց չի տվել:
Այսպիսով, նրա մեկնաբանմամբ՝ պաշտպանական կողմը «սրանով փորձում է լրացնել այդ բացը»:
Նիկոլայ Բաղդասարյանը դատարանում ներկայացրեց, նաև որ նախաքննական մարմինն իրենց չի տրամադրել փորձաքննություններ նշանակելու մասին որոշումները, ինչի պատճառը, ըստ իր մեկնաբանության, այն էր, որ այդ որոշումներում չեն ներգրավվել 2 ավտոմեքենաների անիվների հետքերը, որոնք կարևոր ապացույց կարող էին լինել գործի քննության համար, և ինչի մասին իրենք հատուկ դիմել էին նախաքննական մարմնին:
Այդ պահին դատարանում ներկա տուժող Արթուր Հակոբյանը բղավեց, որ փաստաբանը սուտ է խոսում:
«Երկու երեխու գլուխ ես կերել, ձեզանից մի հատ ներողություն էր պետք ու սաղ պրծնում էր»,- հայտարարեց տուժողը, ինչից հետո դատավորը նրա նկատմամբ նախազգուշացում կիրառեց: