16:01 , 13 հունիս, 2014
Գնալով համոզվում եմ, որ դրսում ապրող մեր շատ հայրենակիցներ միայն հեռվից են ի վիճակի սիրել իրենց հայրենիքը՝ բարեկեցության և հարմարավետության տեսանկյունից՝ միգուցե, բայց ոչ՝ երկիրը սիրելու, այս դժվար պահին թեկուզ միայն ֆիզիկական ներկայությամբ այստեղ արարելու, աշխատելու, երեխաներ մեծացնելու համար, այսինքն իրական հայրենասիրական գաղափարներից ելնելով, այնպես որ, մեր շատ երկյուղած, օտար, ամայի ճամփեքին մնացած հայրենակիցներ, մենք առանց ձեզ Էլ այս երկիրը պահող ենք, որովհետև ոչ մի տնտեսական, ֆինանսական, քաղաքական կամ սոցիալական խնդիր մեզ համար այդքան կարևոր չի, որքան սեփական երկրիդ հողին վստահ ու անվերապահ կանգնելու ցանկությունը, որը այսօր ավելի քան երբևէ, կոչվում է հայրենասիրություն:
Հ.Գ. Գիտեմ, որ գրառումս կվրդովվեցնի որոշներին, բայց դրսում ապրող մեր հայրենակիցներից շատերի կողմից ամեն Աստծո օր ֆբ-ում թողած իրենց դժգույն, ապատիկ, քաոսի մեջ քցող գրառումները արդեն տեղ չեն թողել, որ հանդուրժվի այս ամենը: Մենք ձեր երեսով չենք տալիս ձեր բնակեցրած երկրներում կատարվող նույնաբովանդակ խայտառակ քաոսը, բայց դուք ձեզ իրավունք եք վերապահում մեզ ամեն անգամ խրատականներ ու դասեր տալ, ամեն հարց ուռճացնել ու դարձել ողբերգություն: Հասկանում եմ, որ ներքուստ փորձում եք արդարացնել ձեր փախուստը, բայց դա անիմաստ Է, քանի որ դրա պատասխանը մեզ չպիտի տաք, այլ Աստծո առջև, գոնե փորձեք հույս և լույս տալով, մեզ թիկունք լինել, մեզ ապրեցնել տալ մայր հողում, մինչև որ «դժվար օրերը կանցնեն ու կերթան», իսկ եթե դա Էլ չեք կարող անել, ապա լռությունը, որպես ոսկի, բաշխեք մեզ՝ նվաստներիս, ովքեր ավելի կարևորում են իրենց երեխաներին իրենց արմատներից չկտրել, իրենց երկիրը երեխաներով շենացնել, այն երկիրը, որը մեզ որպես պարգև և օրհնանք տրվեց մեր նախնոց կողմից: