15:40 , 13 հունիս, 2014
1in.am-ը գրում է.
Ամբողջ աշխարհի մուսուլմանները ուրբաթ գիշերը՝ մուսուլմանական ժամանակագրությամբ շաաբանի 14-15-ը (շաաբանը 8-րդ ամիսն է լուսնային օրացույցով) նշում են «Մեղքերից մաքրվելու գիշերը»՝ Լեյլաթ ալ-Բարաաթը, հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ռուսաստանի մուֆթիների խորհրդի կայքին:
Բարաաթի գիշերը հավատացյալներն անքուն են անցկացնում և Տիրոջը խնդրում են ընդունել իրենց աղոթքները:
Բարաաթի գիշերը Ղուրանում սուրբ է սահմանվում: Բաարաթ արաբերենից թարգմանաբար նշանակում է «անմեղություն», «լրիվ առանձնացում», «մաքրություն»:
Չեչնիայի Հանրապետության մուսուլմանների հոգևոր վարչության հաղորդագրության մեջ ասվում է. «Ներման այս սուրբ գիշերը մուսուլմաններն ամբողջ հոգով պետք է դիմեն Տիրոջը, Նրան խնդրեն ընդունել լավ գործերն ու ներել մեղքերը: Յուրաքանչյուր մարդ պետք է մանրամասնորեն վերլուծի իր արարքները, գործերը, որոնք արել է տարվա ընթացքում: Եվ եթե Արարչի պատգամներին դեմ որևէ բան հայտնաբերվի, պետք է ափսոսալ և այլևս դրան չվերադառնալ»:
Բարաաթի գիշերը իսլամում կարևորությամբ երկրորդ գիշերն է Լեյլաթ ալ-Քադրից (Քադրի գիշեր)՝ «կանխորոշման գիշերվանից» հետո: Ի տարբերություն Քադրի գիշերվա, երբ կանխորոշվում է մարդու ողջ կյանքը՝ մինչև վերջ, Բարաաթի գիշերը որոշվում է մարդկանց գոյությունն առաջիկա մեկ տարում: