12:50 , 13 հունիս, 2014
Պատրիկ Բաբումյանը ծնվել է Իրանում՝ հայ ընտանիքում: Նա դեռևս մանկուց ցանկանում էր միջազգային ճանաչում ունեցող մարզիկ դառնալ: Իր հանգուցյալ հոր հետ կապված ամենանվիրական հուշերից մեկն այն է, թե ինչպես էին նրանք երկուսով նայում Անհավանական Հալքի արկածները, հատկապես այն պահը, երբ Հալքը պատռում էր իր վերնաշապիկը և վերածվում կանաչավուն ամրակազմ հրեշի: Հույսերով լեցուն մարզիկը 7 տարեկանում մոր և տատիկի հետ տեղափոխվեց Գերմանիա, որտեղ նա սկսեց զարգացնել իր ուժը պրոֆեսիոնալ սպորտի միջոցով:
Գերմանիայում ծանրամարտի ռեկորդ սահմանելուց հետո մարզիկը արժանացավ «Գերմանիայի ամենաուժեղ մարդու» տիտղոսին: Armenian Weekly-ի լրագրող Լիլի Թորոսյանը հարցազրույց է անցկացրել գերմանահայ ծանրամարտիկի հետ: Հարցազրույցը ներկայացված է ստորև:
***
-Ե՞րբ հասկացաք, որ ծանրամարտի և բոդիբիլդինգի ասպարեզում կարող եք աշխատանքային լուրջ գործունեություն ծավալել:
-Ես միշտ հավատով եմ վերաբերել ուժային մարզաձևերում մասնագիտանական հաջողությունների հասնելու իմ ծրագրերին, սակայն սկզբնական շրջանում ես միակն էի, ով հավատում էր դրանց: Երբ 15 տարեկանում ես որոշեցի մարզասրահի անդամատոմս վերցնել, մայրս ամենամեծ խոչընդոտն էր այդ ճանապարհին: Նա վախենում էր վատ ազդեցություններից, որ ինձ կարող էին սպառնալ մարզասրահում: Ներկայումս նա շատ ուրախ է, որ այն ժամանակ ես չհնազանդվեցի իրեն և հետապնդեցի իմ նպատակը:
-Նախքան 7 տարեկանում Գերմանիա տեղափոխվելը, Դուք բնակվում էիք Իրանում և Իսլամական հեղափոխության ականատեսն եք եղել: Ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ դա Ձեր կյանքի վրա:
-Կյանքիս վաղ շրջանում գերիշխել է անորոշությունը, ուստի ես միշտ փորձում եմ խուսափել անորոշությունից՝ նախապես ապագայի ծրագրեր կազմելով:

-2005 թ.-ից ի վեր Դուք բուսակեր եք եղել: Ի՞նչը Ձեզ մոտ ցանկություն առաջացրեց անցում կատարել բուսակերի սննդակարգին:
-Ես որոշ ժամանակ է, ինչ բուսակեր եմ, և երբեք ինձ այնքան լավ չեմ զգացել, որքան հիմա: Քանի որ ես էթիկական մղումներից ելնելով եմ ընտրել այս կենսակերպը, ես կհետևեմ դրան՝ անկախ իմ կարիերայից: Իմ ամենօրյա սննդակարգը բաղկացած է սոյայով սննդամթերքներից, լոբազգիներից և ընկուզեղենից, որոնք պրոտեինի աղբյուր են, ինչպես նաև բրնձից, կարտոֆիլիից և վարսակից, որոնք էներգիայի աղբյուր են ծառայում: Օրը մի քանի անգամ ես նաև մրգեր և բնական մթերքներից պատրաստված շեյք եմ խմում, որպեսզի ստանամ այն բոլոր միկրոսնուցիչները, որոնք անհրաժեշտ են օրգանիզմս առողջ ու ուժեղ պահելու համար:
-Բազմաթիվ հայեր հաջողակ են այնպիսի ծանր մարզաձևերում, ինչպիսիք են բռնցքամարտը, ծանրամարտը և ըմբշամարտը: Ձեր կարծիքով ո՞րն է նրանց հաջողության գրավականը:
-Ես միշտ զգացել եմ, որ հայերը շատ դիմացկուն մարդիկ են, իսկ ծանրամարտի կամ ըմբշամարտի պես դժվարին մարզաձևերում հաջողության հասնելու համար մարդ պետք է մեծ ու ուժեղ սիրտ ունենա:
-Ինչպիսի՞ զգացողություններ ունեք «Գերմանիայի ամենաուժեղ մարդու» տիտղոսը ստանալուց հետո:
-«Գերմանիայի ամենաուժեղ մարդու» տիտղոսը նվաճելուց հետո ես որոշեցի բուսակեր դառնալ: Այստեղ՝ Գերմանիայում, լրատվամիջոցները շատ մեծ ուշադրություն հատկացրին ինձ, և ես հովանավորության առաջարկներ ստացա գերմանական խոշոր ընկերություններից: Այսպիսով, ինձ թվաց, որ հաջողությունը ժպտացել է ինձ, և հանկարծ վերջին 20 տարիների իմ ջանքերը սկսեցին ցանկալի պտուղներ տալ: Այնուամենայնիվ, ի վերջո դա ընդամենը ևս մեկ տիտղոս է, իսկ ես այնքան էլ շատ տարված չեմ դրանցով: Ես իսկապես մեծ հաճույք եմ ստանում ամեն նոր օրվա այգաբացից, ինքս ինձ գերազանցելուն միտված իմ փորձերից. ես ձգտում եմ ավելի լավ Պատրիկ լինել, քան երեկ: