21:51 , 12 հունիս, 2014Tert.am-ը գրում է.
«Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին ոչ միայն պետք չէր խոսք տալ, այլ ընդհանրապես արգելել նրա մուտքը ՀՀ ազգային ժողով։ Այս մասին Tert.am-ին հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ռուս լրագրողի՝ ռուսերեն լեզվի մասին հայտարարություններին, նրա, իր խոսքով՝«լրագրողական գործունեությանը» և ուկրաինական դեպքերի հետ կապված «օրը ցերեկով արված ստախոսության հետ»:
«Այն ստախոսությունը, որը Կիսելյովը թույլ է տալիս իրեն, նման մարդուն, նման մասնագետին ընդհանրապես անբարոյական է թույլ տալ ներկայացուցչական մարմնում ելույթ ունենալ»,- հայտարարեց Արթուր Սաքունցը:
Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսաց լեզվի իմացության մասին Դմիտրի Կիսելյովի հայտարարությանը, թե Հայաստանում ռուսաց լեզուն լավ չեն տիրապետում, Արթուր Սաքունցը, նկատեց.«Դա հանդիսանում է պետական լեզվի կոպիտ խախտում, որը կատարվեց ոչ միայն Կիսելյովի, այլ ԱԺ ներկա անդամների կողմից՝ ԱԺ փոխնախագահի մակարդակով»:
Նշենք, որ երեկ Հերմինե Նաղդալյանը, ով վարում էր «Հայ-ռուսական խորհրդարանական բարեկամության ակումբ» նիստը, հայտարարեց, որ Հայաստանում պետական լեզուն հայերենն է, ու նման հանդիպումները պետք է անցնեն հայերենով, բայց, ելնելով ժամանակի խնայողության տեսակետից, առաջարկեց անցնել ռուսերենի:
Արթուր Սաքունցը, ով հասկացել է, թե Կիսիլյովն առաջարկում է ռուսերենը Հայաստանում դարձնել պետական լեզու, նկատեց, որ նման հարցադրում կարելի է անել մի երկրում, որը բազմազգ է:
«Մեր բնակչության էթնիկ կազմն էնպիսին չէ, որը հիմք կտար նման հարցադրումներ ներկայացնելու, եթե ունենայինք 30-20 տոկոս ռուսներ, բնականաբար, միջազգայնորեն հայտնի ազգային փոքրամասնությունների իրավունքների տեսակետից հնարավոր էր նման հարցադրում դնել՝ այն էլ օգտագործման իրավունքի տեսանկյունից»,- ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ