Հայաստանում ռուսաց լեզվին սահմանադրական կարգավիճակ տալու անհրաժեշտություն չկա. Աշոտյան


15:40 , 12 հունիս, 2014

Հայաստանում ռուսաց լեզվին սահմանադրական կարգավիճակ տալու անհրաժեշտություն չկա. ԱշոտյանPanorama.am-ը գրում է.

«Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններում առհասարակ ամենագայթակղիչ, ամենահեշտ, երբեմն սխալ մոտեցումն է փոխադարձ մուննաթների շարքով փորձել հրապարակային դաշտում` դուք սա չարեցիք, մենք սա չարեցինք բանաձևի մեջ տեղավորել մեր ռազմավարական գործընկերությունը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի` ՀՀ Ազգային ժողովում արած այն հայտարարությանը, թե Երևանում ռուսական դպրոցներ գործնականում չեն մնացել և Հայաստանում ռուսաց լեզուն հեռացող երևույթ է, ինչը նշանակում է, որ ռուսական մշակույթը նույնպես հեռանում է և աստիճանաբար թուլանում է կապը Ռուսաստանի հետ:

«Երկրորդը, կարծում եմ, որ Հայաստանի տարածքում ռուսաց լեզվի առաջխաղացման համար ստեղծված են լավագույն պայմանները: Ռուսաց լեզուն այն օտար լեզուն է, որ դասավանդվում է երկրորդ դասարանից, իսկ մնացած օտար լեզուների դասավանդումը սկսում ենք երրորդ դասարանից, և լեզվական օրենսդրության փոփոխության կարիք մենք չունենք»,- նշեց նախարարը:

Ա.Աշոտյանի խոսքերով` Հայաստանում թույլատրված է միջազգային կրթական ծրագրեր իրականացնել ավագ դպրոցի մակարդակում և գործող օրենքի համաձայն հնարավորություն կա ունենալ չորս ռուսալեզու, չորս անգլալեզու կամ չորս ֆրանսալեզու դպրոց հանրապետության տարածքում:

«Ուզում եմ ասել՝ մեր ռուս գործընկերները այդ քվոտայից դեռ ոչ մի կետ չեն օգտվել` ի տարբերություն մեր միջազգային գործընկերների: Արդեն ունենք երկու հավատարմագրված անգլալեզու կրթական ծրագիր»,- ընդգծեց նա:

Ըստ Ա.Աշոտյանի` ռուսաց լեզուն տարածելու քաղաքական կամք կա, քանի որ այդ լեզուն մեզ համար անվտանգության տեսակետից, Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական դաշինքի մեջ լինելու պարագայում, ռուսական արտադրության զինտեխնիկայից օգտվելու համար բացառիկ միջոց է, բացի այդ` այն միջազգային շփման լեզու է ԱՊՀ-ում և ԵՏՀ-ում, ինչպես նաև ռուսաց լեզուն բանալի է հսկայական մշակութային ժառանգության, իսկ այդ մշակույթը համաշխարհային ժառանգության մեջ ունի բավականին մեծ արժեք և դերակատարություն:

Նախարարը նկատեց, որ այսօր կան շրջանակներ, որոնք ռուսական պաշտոնյայի կամ ցանկացած ներկայացուցչի խոսք կարող են դիտարկել որպես քաղաքական ակտ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ