«Արտահերթ նիստն այնքան կապ ունի քառյակի հետ, որքան աշխարհի առաջնության հետ»


14:28 , 12 հունիս, 2014

Aysor.am-ը գրում է.

«Արտահերթ նիստ կհրավիրվի, որն ընդհանրապես կապ չունի քառյակի նեկայացրած 12 կետերի հետ, այնքան կապ ունի քառյակի կետերի հետ, որքան կապ ունի աշխարհի առաջնության հետ»: Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նշենք, որ այսօր «Ժողովուրդը» գրել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցությունում ակտիվորեն քննարկվում է ԱԺ արտահերթ նիստի անցկացման օրը: Թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ում նախնական որոշվել էր արտահերթ նիստ հրավիրել հունիսի 23-ին: Բանն այն է, որ ՀՀԿ-ն ցանկանում է օր առաջ լուծել պարտադիր կուտակային կենսաթոշակայինի հարցը ու այն չերկարաձգել մինչև սեպտեմբերի 30-ը: Իշխող ՀՀԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի ցույց տա, որ «հրաշալի քառյակի» ներկայացրած 12 կետանոց պահանջում, որտեղ առկա է նաև «պարտադիր կուտակային բաղադրիչի» հանումը, իրենք օրակարգում վաղուց ունեին:

«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀԿ-ում դեռևս տեղյակ չեն, թե հայրենի կառավարությունն այդ առումով ինչ նախագիծ է պատրաստվում ներկայացնել խորհրդարան, բայց համոզված է, որ ինչ-որ չափով հարցին լուծում կտրվի:

«Անընդունելի է ՀՀԿ-ն և կառավարությունը տարանջատել, կառավարությունը ՀՀԿ-ի մի մասն է, և ՀՀԿ-ն պատասխանատու է Կառավարության գործունեության համար և կառավարությանը հավանություն է տվել քաղաքական մեծամասնությունը: Այն, որ ասվում է, թե ՀՀԿ-ում տեղյակ չեն` ինչ է որոշել կառավարությունը, դա ծիծաղելի է, որովհետև ցանկացած բան քննարկվում է կուսակցությունում, ապա ծավալվում Կառավարությունում, Ազգային ժողովում»- Aysor.am-ին ասաց Է. Շարմազանովը:

Ինչ վերաբերում է կուտակայինին, ապա ՀՀԿ մամուլի խոսնակն ասաց, որ առաջին անգամ չէ, որ խոսվում է համագործակցության մասին.

«Կա աշխատանքային խումբ, որը աշխատում է հիմա, Կառավարությունը երբ ունենա վերջնական, ամբողջակամն տեսակետ, այդ ժամանակ էլ կընդհանրացնի և կներկայացնի»: