Գայթակղության, ներման և հավատի ուժի մասին


13:45 , 12 հունիս, 2014

ԱՎԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՂՈՒԿԱՍԻ 17.1-6

Գայթակղության մասին Հիսուսն ասաց նաև իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղություն չգա, բայց վա՜յ նրան, ում ձեռքով կգա։ Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկանաքար կախվեր, և ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ։ Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար»։ Եղբայրական անհիշաչարություն «Եթե քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. և եթե զղջա, ների՛ր նրան։ Եվ եթե յոթ անգամ մեղանչի քո դեմ և յոթ անգամ դառնա քեզ և ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»։ Հավատի ուժը Եվ առաքյալները Տիրոջն ասացին. «Ավելացրո՛ւ մեր հավատը»։ Եվ Տերն ասաց. «Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք և այս թթենուն ասե՛ք՝ “Արմատախի՛լ եղիր և տնկվի՛ր ծովի մեջ”, նա կհնազանդվի ձեզ»։ Ի°նչ է գայթակղությունը: Կարելի է արդյո°ք մարդու առօրյա երազաքներն ու ցանկաությունները գայթակղություն համարել: Մարդու կյանքը դժբախտ դարձնող ամեն ինչ գայթակղություն է, որովհետև Աստված մարդուն ստեղծեց կատարյալ դառնալու, առողջ և երջանիկ լինելու համար, բայց մենք չենք տեսնում այդ, որովհետև որոշ մարդիկ մյուսների համար ծուղակ և որոգայթ են հանդիսանում. ուրեմն գայթակղությունը մարդուն վնասում է: Սակայն այստեղ մի նրբություն կա. Գայթակղությունն այն բանն է, որ ուրիշները ուղղակի կամ անուղղակի մեզ համոզում են, որ սխալ գործենք, որը կարծես թե ճիշտ է, ցանկալի, բաղձալի, սակայն իրականության մեջ հասկանում ենք, որ այն ուրախալի մի բան չէ, այլ դժբախտություն: Կան մարմնական, մտային և հոգևոր գայթակղություններ և այս բոլորը կարող են մեզ նույնիսկ մեր հավիտենական կյանքից զրկել, որովհետև մեկին գայթակղության պատճառ լինելով՝ այդ մարդու դժբախտության պատասխանատվությունը մեզ վրա է և դրա համար հաշվետու ենք Աստծուն, Աստվածային օրենքներին: Ուրեմն, ավելի մանրամասնենք, թե ինչ է գայթակղությունը, օրինակ՝ մարմնական գայթակղությունը. Դպրոցում մի աշակերտ թմրանյութ է օգտագործում և ընկերոջ մոտ գովում է, թե որքան լավ է, երբ օգտագործում ես այն, բոլոր խնդիրները լուծում են ստանում և առաջարկում է նրան էլ փորձել: Այսպիսով, այս աշակերտը մյուսի համար գայթակղություն եղավ. իր ընկերությունը, իր մտերմությունը օգտագործելով՝ նա այս մարդուն, թերևս իր ամբողջ կյանքը կործանող մի վարժություն սովորեցրեց: Ահա մարմանկան գայթակղության ևս մեկ օրինակ: Երբեմն մենք առանց գիտակցելու մեր զավակներին շատ ենք կերակրում, նրանց ամեն ցանկություն կատարում ենք, և ապա նրանք մատնվում են գերության հիվանդությանը: Արդյունքում մենք, թերևս բարի նպատակով, մի բան ենք սովորեցնում, որը մարմանական գայթակղություն է հանդիսանում, և մարդն ամբողջ կյանքում տառապում է այդ հիվանությամբ: Կան մտային գայթակղություններ ևս. Օրինակ Հիտլերի հետևից գնացող մարդիկ գայթակղվում էին նրա խոսքերով և մտքերով: Այս առումով շատ կարևոր է ուսուցիչների դերը, կեցվածքը, ուսուցիչը կարող է իր աշակերտներին անաստված դարձնել՝ ոչ թե պարտադիր անաստվածության մասին խոսելով, այլ կրոնը արհամարհելով, Հիսուսի մասին արհամարհական, փոքրացնող մի խոսք ասելով: Այժմ կան այդպիսի կրոններ, հատկապես իսլամ–տերորիզմի մեջ մենք տեսնում ենք, որ մարդկանց մտքում սերմանվում է այն գաղափարը, թե ամբողջ աշխարհը իրենց թշնամին է, և պետք է փչացնեն այն՝ նույնիսկ իրենց կործանման գնով: Թվում է, թե հերոսական մի բան կա դրա մեջ, և մտածում ես, որ այդ մարդը հիանալի հավատք ունի, սակայն այդպես չէ, որովհետև նրա մտքում սխալ, գայթակղեցնող միտք է դրվել՝ թե կյանք պիտի տրվի մեռցնելով: Իսկ հոգևոր գայթակղությունը մենք ավելի տեսնում ենք աղանդավորների մեջ, այսինքն ուղիղ ճանապարհը մեկ կամ մի քանի հոգի խմբվելով շեղում և աղավաղում են իրենց մտքի համաձայն, եւ դա ուսուցանում են մյուսներին, որոնք, ինչպես տեսնում ենք, հասնում են միլիոնների: Եկեղեցու երկու հազար տարվա պատմության մեջ եկեղեցու հիմանակ խնդիրը եղել է այս սխալ ուսուցումների դեմ պայքարելը: Տեր Հիսուս, երբ խոսում է այդ գայթակղությունների մասին, ասում է, որ դրանք գալիս են երբեմն ոչ չարի պես, երբեն չարի պես, երբեմեն թաքուն ճանապարհով, բայց անպայման գալիս են: Ուրեմն մենք պետք է իրապես ուշադիր լինենք, հատկապես այն անձանց նկատմամբ, ովքեր մարդկանց հետ գործ ունեն՝ լինեն դրանք պետական այրեր, հոգևորականներ կամ ուսուցիչներ: Նրանք հազարավոր մարդկանց կյանքի հետ գործ ունեն: Պատկերացրեք մեկին, որ 25 տարեկանում ուսուցիչ է դարձել և 65 տարեկանում հանգստի է գնացել, հազարավոր աշակերտների է կրթել, մեծ դաստիարակաություն և կրթություն է տվել նրանց, որը կարող է բարի կամ չար լինել: Հիսուս ասում է, որ գայթակղությությունն անխուսափելի է: Եթե այդպես է, ուրեմն ինչպես խուսափել, պաշտպանվել կամ դիմակայել գաղթակղությանը: Գայթակղությունը օդի մեջ է, որովհետև այն մեր մեղավոր կյանքի անբաժանելի մասն է: Մենք գայթակղության մեջ ծնվում և ապրում ենք, մեր շուրջը գայթակղությամբ է վխտում, երբ բացում ենք մեր աչքը, դուրս ենք գալիս փողոց, հեռուստացույց ենք դիտում, մեր ընկերների հետ ենք հանդիպում, ամեն տեղ գայթակղություն կա, այսինքն մեղքը արդեն գայթակղությամբ է սկսվում: Ինչպես օձը Ադամին և Եվային գայթակղեցրեց չարը և բարին ցույց տալով, այնպես էլ մենք, մեր ամբողջ կյանքում այդպես ենք սովորել: Շատ չար երևույթներ սովորել ենք որպես բարի: Եթե մենք մեր շուրջը նայենք՝ ծերերը երիտասարդներին են գայթակղում, երիտասարդները՝ մանուկներին՝ վատ օրինակ ծառայելով: Եվ մենք դառնում ենք գայթակղության մի կենտրոն: Մեղքն էլ, սրբությունն էլ վարակիչ են, հետևաբար մենք էլ երբեմն առանց ցանկության և երբմեն էլ մեր ցանկությամբ ուրիշների համար գայթակղություն կարող ենք լինել: Օրինակ ես, որպես հոգևորական կարող եմ գայթակղեցնել ուրիշներին, իմ արտասանած մեկ խոսք կարող է գայթակղցնել հազարավոր մարդկանց, ուրեմն ես ուշադիր պիտի լինեմ, որպես եկեղեցական, կինը՝ որպես մայր պիտի ուշադիր լինի, որպես ուսուցիչ, մյուսը պիտի ուշադիր լինի, հավատացյալն էլ ավելի ուշադիր պիտի լինի, որովհետև նա հասկացել է, որ մեղքը վարակվելով է տարածվում, և ինքը պետք է ուշադիր լինի, որ դրա տարածման աղբյուրը չդառնա, իր մեջ պետք է դադարեցնի ստախոսությունը, բամբասանքը, դաժանությունը, անողորմածությունը, ատելությունը, որպեսզի ուրիշներին դրանք չփոխադրի: Հավատացյալ Մարդը չի կարող գայթակղությունների համար արգելք լինել, չի կարող արգելել ոճրագործությունները, դեռևս Աբելի և Կայենի ժամանակից աշխարհւմ ոճրագործություններ են լինում, և մարդը չի կարող դրանց համար արգելք լինել, բայց ոչ ոք նրան չի պարտադրում անել դա, գնալ հանցագործության: Եվ մարդ ստիպված չէ բամբասելու, հայհոյելու, սուտ խոսելու, թեև գիտի, թե ինչ են դրանք, բայց չպիտի անի: Մարդը մյուսի համար չի կարող արգելք լինել, բայց իր կյանքի համար կարող է արգելք լինել, որովհետև հակառակ դեպքում պատիժն ավելի մեծ է: Տեր Հիսուս ասում է. <<Նրա համար լավ կլիներ, եթե նրա պարանոցից երկնաքար վեմ կաղվեր և նա ծովը գցվեր, քան թե այս փոքրիկներից մեկին գայթակղեցներ>>, միթե° գայթակղությունն ավելի դատապարտելի է, քան ինքնասպանությունը: Իհարկե Հիսուս այս պարագայում ինքնասպանություն չի առաջարկում, այլ սրանով էլ ավելի է ընդգծում գայթակղության լրջությունը: Որովհետև, եթե ուրիշի կյանքի հետ խաղում է մարդը, ուրեմն իրականության մեջ կյանքով պիտի վճարի, թեև այս աշխարհի մեջ արդարությունից կարող է փախչել, բայց մյուսից՝ ոչ, հետևաբար գայթակղությունների հանդեպ ուշադիր պիտի լինել: Մեկը կարող է մեղք գործել իր անձի դեմ, կարող է բազում սխալներ, տկարություններ ունենալ և նա պատասխանատու է Աստծո առաջ, և Աստված ողորմած է: Բայց երբ որ մարդու մեղքը իրենից դուրս է գալիս և մի շղթայված շարժում է սկսվում, ապա դրա արդյունքը սարսափելի է լինում, որովհետև այդ շղթան պարուրում է շատերին և կործանում նրանց կյանքը: Ուրեմն այս դեպքում ո°վ է պատասխանատու. այնպես որ, Տեր Հիսուս ասում է, որ շատ ուշադիր պիտի լինել, որովհետև մարդ պատասխանատու է իր մեղքի համար, բայց երբ գայթակղեցնում է ուրիշին ևս, դրա համար էլ է պատասխան տալիս: Ահա այս գիտակցությամբ պիտի ապրի մարդ, որովհետև մարդկանց կյանքի հետ խաղալը թեթև բան չէ, որովհետև հետո քո կյանքի հետ կսկսեն խաղալ, ու եթե, մարդկանցից կարողանանք փախչել, ապա Աստված կսկսի խաղալ մեր կյանքի հետ: Ուրեմն եթե, յուրաքանչյուր մեկը, չի կարող օգնել դիմացինին, գոնե ինքը թող գայթակղություն չլինի որևէ մեկի համար, բայց պետք է ուշադիր լինել ու հասկանալ, որ մարդն արդեն բավական աղտավորված է, հիվանդ է մեղքով և պետք նշմարել այդ գայթակղությունները, և աղոթքով, Տիրոջ ողորմածությամբ և շնորհով պետք է ազատվենք այս աշխարհի գայթակղություններից: Սիրով և աղոթքով՝ Տ.Հեթում քահանա Թարվերդյան