12:22 , 12 հունիս, 2014
Aysor.am-ը գրում է.
Հարևան Վրաստանում այսօր տոն է. կենդանաբանական այգում հարսանիք է լինելու: Այս մասին գրել է gruzia online-ը՝ նշելով, որ այսօր Երևանից Վրաստանի կենդանաբանական այգի է տեղափոխվում նոր բնակիչ: «Խոսքը Հրանտ փղիկի մասին, որին սպասում է նրա հարսնացուն՝ Մալկան»,- այս մասին Facebook-յան Թբիլիսիի կենդանաբանական այգու էջում տեղադրված է հաղորդագրություն:
«Մեր աղջիկը սպասման մեջ է, և դա կատակ բան չէ՝ նրա մոտ է գալիս իր փեսացուն: Ոչ բոլորն են այդքան երջանիկ. ոչ բոլորին է բախտ վիճակված ունենալ 6 տոննայանոց փեսացու: Եվ ինչպես յուրաքանչյուր հարսնացու՝ մեր աղջիկը նույնպես պատրաստվում է հարսանիքին՝ մանիկյուր, պեդիկյուր… Այնպես որ՝ մենք լավ ենք պատրաստվում»,- այս մասին գրել են կենդանաբանական այգու աշխատակիցները՝ չթաքցնելով սեփական ուրախությունը:
Կայքը գրում է, որ 6 տոննա քաշով փեսացուն Թբիլիսի է տեղափոխվում հատուկ փոխադրամիջոցով՝ Երևանի ու Թբիլիսիի կենդանաբանական այգու աշխատակիցների ուղեկցությամբ:
«Հրանտը կմնա Թբիլիսիում, փոխարենը սակայն Թբիլիսիից Երևան կտեղափոխվի ավելի փոքր չափսերի փղիկ»,- այս մասին լրատվականին տեղեկացրել է Թբիլիսիի կենդանաբանական այգու մամլո քարտուղար Մզիա Շարշիձեն՝ հավելելով, որ տեղափոխման առաջին օրը Հրանտին տեսակցելը կարգելվի:
Նրան Վրաստանում սպասում է ոչ միայն հարսնացուն, այլև բժիշկները, ովքր նրան կհետազոտեն ու կվիրահատեն: Հրանտը արդեն 8 տարի է ինչ տառապում է ատամնաշարի հիվանդությամբ: