Մի գիշեր ես նրան հաստատ կցանկանամ. Սոս Ջանիբեկյան


21:29 , 11 հունիս, 2014

Մի գիշեր ես նրան հաստատ կցանկանամ. Սոս ՋանիբեկյանSlaq.am-ը գրում է.

Հայտնի լինելն այնքան էլ հեշտ չէ. շատերը հետաքրքրվում, երբեմն նույնիսկ «ապրում» են քո անձնական կյանքով: Նոր սիրավեպեր, սկանդալներ, դավաճանություններ. սրանք ամենաքննարկվող թեմաներն են: Slaq.am-ի լրագրողը զրուցեց Սոս Ջանիբեկյանի հետ՝ փորձելով բացահայտել՝ ինչո՞ւ են դերասանին համարում սրտակեր, որքա՞ն են տևում նրա սիրավեպերը և արդյո՞ք նրա սիրտն արդեն զբաղված է:

-Հաճա՞խ եք սիրահարվում:

-Ոչ, հաճախ հրապուրվում եմ:

-Հաճա՞խ են այդ հրապուրանքները վերածվում ընկերության:

-Ոչ, որովհետև եթե վերցնենք այն ստերեոտիպը, թե ընկերության մեջ կորում է կին-տղամարդ ձգողությունը, ապա ես դրան չեմ հավատում: Դա ինձ մոտ չի ստացվի. մի գիշեր ես նրան հաստատ կցանկանամ: Բնությունն ավելի ուժեղ է, քան մեր ստեղծած կարծրատիպերը:

-Ձեզ համար կարևո՞ր է, թե հարաբերություններում ով է անում առաջին քայլը: Եթե աղջիկն առաջին քայլն անի, արդյո՞ք դա կհիասթափեցնի:

-Բացարձակ: Ճիշտ է, իմ կյանքում դեռևս չի եղել հարաբերություն, որում առաջինն աղջիկը սեր խոստովանած լինի: Ինչ հարաբերություն էլ եղել է, միշտ ես եմ ընտրել (Էդպես խափված էլ մնացել եմ, որ ես եմ ընտրել, բայց վառ գիտակցում եմ, որ ընտրությունը խոստովանության մեջ չէ):

-Աղջկա ազգությունն ու կրոնը կապ ունի՞ նրան սիրելու հետ:

-Հայ լինելը պարտադիր չէ, բայց ցանկալի է, իսկ եթե խոսքն իսկական սիրո մասին է, կարծում եմ՝ սերը կրոն չի ճանաչում:

-Ամենաերկար հարաբերությունը որքա՞ն է տևել:

-3 տարի, և մեծ մասամբ ինձանից են հեռացել:

-Աննա Կոկչյանն իր տղամարդկանց մասին խոսելիս նշել է, որ Արմանի հետ եղել է ամուսնություն և բաժանվել են.ոչ մի վայրկյան ավել նա Արմանին չի սիրել: Իսկ Ձեզ հետ եղել է ամուսնություն և բաժանվել է սիրելով. տարիներ շարունակ սիրել է Ձեզ: Կխոսե՞ք Ձեր մասին: Բաժանումից հետո Դուք զգացմունքներ ունեի՞ք, թե՞ անմիջապես նոր հարաբերություններ եք ստեղծել:

-Չեմ դիտել այդ հարցազրույցը, բայց գնահատում եմ, որ անկեղծ է եղել: Ես բաժանումից հետո միանգամից սկսում եմ ուրիշ հարաբերություններ: Ինձ մոտ ենթագիտակցաբար սկսում է նորի փնտրտուք, բայց տարիների ընթացքում հասունանալով՝ հասկացել եմ, որ դրանք ավելի շատացնում են հիասթափությունները: Մինչև մեկին ներքուստ բաց չթողնես, նորը չի գա. փնտրտուքի ընթացքում էլ կլինեն կարճատև հարաբերություններ, նոր ցավեր, նոր հիասթափություններ:

Ստացվում է՝ «օգտագործում» եք մեկին՝ մյուսին մոռանալու համա՞ր:

-Դա ես չեմ անում գիտակցված, դրա համար չեմ համարում այնպիսի քայլ, թե ինչ-որ մեկին օգտագործում եմ: Կարող եմ ասել՝ ավելի շուտ նա օգտակար է լինում: Բոլորին թվում է, թե հեռացողն ու հիասթափվողն ավելի թեթև և բարձր դիրքում է, բայց դա մոլորություն է: Բաժանումը հավասարաչափ ցավ է երկուսի համար. սիրած մարդուն կորցնել ու սիրած մարդուց հիասթափվել՝ դրանք հավասարազոր կորուստներ են:

-Աննա Կոկչյանի մեկնաբանությունից ելնելով՝ կարելի՞ է ենթադրել, որ Դուք եք լքել նրան:

-Նա հեռացել է՝ սիրելով: Ինձնից հեռանում են սիրելով:

-Բաժանումներից հետո չի՞ եղել թշնամանք:

-Եղել են վիրավորված, եղել են նեղացած, բայց չեմ կարծում, թե ինչ-որ մեկն ինձ ատել է, որովհետև ես, իհարկե, եղել եմ դաժան, եղել եմ էգոիստ, եղել եմ եսակենտրոն, բայց միշտ փորձել եմ լինել անկեղծ:

-Ինչու՞ է Ձեր մասին այնպիսի կարծիք ստեղծվել, թե Դուք անլուրջ եք սիրային հարաբերություններում. մաքսիմում 2-3 ամիս՝ ահա, թե որքան են տևում Ձեր սիրավեպերը: 

-Երևի կա այդպիսի բան. առանց կրակ ծուխ չի լինում: Ես չեմ կարողանում անտարբեր լինել գեղեցիկ և գայթակղիչ կանանց նկատմամբ և փորձում եմ իրենց հետ ունենալ հարաբերություններ: Իսկ ինչպես և ինչքան կտևեն այդ հարաբերությունները, դրան երբեք ուշադրություն չեմ դարձնում, որովհետև, դրանց չպետք է արհեստական ընթացք տալ: Իսկ ինչու՞ է իմ կյանքում այնպես ստացվել, որ ամենաերկար հարաբերությունը տևել է 2-3 տարի, ու եղել են շատ կարճատև հարաբերություններ, որովհետև հնարավորություններն են շատ եղել: Հետաքրքիր է՝ կա՞ ինչ-որ մեկը, որ կարող է ինձ ասել բանաձև, որով հարաբերություններ սկսելիս երաշխավորված ես, որ դա կլինի երկարատև:

-Ի՞նչ հնարավորության մասին է խոսքը՝ ավելի լավի՞ն գտնելու, նորությու՞ն փնտրելու...

-Չէ, պարտադիր չէ լինի նոր, որ լինի հետաքրքիր, որովհետև ամեն ինչ հետաքրքիր է մինչև վերջ. կամ այդ վերջը շուտ է գալիս, կամ՝ ուշ: Նման կարծրատիպ ստեղծվել է, քանի որ իմ դեպքում բոլորը ամեն ինչ տեսնում են, ամեն ինչ գիտեն: Ես փորձում եմ միշտ լինել ծայրահեղ անկեղծ. ոչ մեկին ապագա, պլաններ, ամուսնություն, երեխա չեմ խոստանում, ուղղակի կառուցում եմ հարաբերություններ: Խնդիրը նրանումն է, որ ես հիասթափեցնում եմ մարդուն՝ չանելով իր ակնկալած պլանները, այսինքն՝ նա կազմել է պլաններ, իսկ ես դրանցից անտեղյակ լինելով՝ ուղղակի չեմ արդարացրել: Ու մարդիկ նեղանում են, վիրավորվում, կոտրվում...բայց խնդիրն իրենց մեջ է, որովհետև ես իրենց ոչ մի խոստում չեմ տվել: Չէ՞ որ դա էլ է եսակենտրոնություն և էգոիզմ, երբ պլաններ ես կազմում, տղամարդուց ինչ-որ բաներ ակնկալում, իսկ նրա չարդարացման դեպում՝ նեղանում: Ինչքան դու ունես ակնկալիքներ դիմացինից, այդքան նա ունի իրավունք դրանք չիրականացնելու. հարմար չէ՞՝ հեռացիր՝ նրան հասկանալով և չատելով: Խոստումներով կազմված հարաբերությունները հաշվարկային են ինձ թվում, և ես դրանցից խուսափում եմ. ամեն ինչ կլինի այնպես, ինչպես կլինի, դու զգույշ եղիր ցանկություններիդ մեջ:

-Յուրաքանչյուր աղջիկ մտածում է, որ ինքը հենց այն միակն է, ով կարողանալու է փոխել տղամարդուն:

-Ցավոք սրտի, ես էլ եմ եղել այդպիսի մոլորության մեջ. կարծել եմ՝ ինչ-որ մարդու կարող եմ փոխել, ու շատ աղջիկներ են հանդիպել, ովքեր փորձել են ինձ փոխել: Բայց, երբեք չես կարող փոխել բովանդակությունը, կարող ես փոխել դրսևորումները: Մենք միշտ մեր մեջ ստեղծում ենք այն կերպարը, որին ուզում ենք տեսնել և չտեսնելու դեպքում վիրավորվում ենք նրանից՝ չգիտակցելով նրա անմեղությունը:

-Իսկ սիրո համար զոհաբերե՞լ եք որևէ բան:

-Ես չեմ ընդունում այն հարաբերությունները, որտեղ կա զոհաբերություն, որովհետև երբ դու քեզ զոհաբերում ես հանուն դիմացինի, դու անգիտակցաբար սկսում ես իրենից ավելին պահանջել: Իսկ երբ նա դա չի արդարացնում ու շարունակում է անել այնքան, որքան միշտ արել է, դու իրենից նեղանում ու վիրավորվում ես: Բայց չէ՞ որ դու երբեք նրա հետ պայմանագիր չէիր կնքել, թե «ես սա եմ անում, դու էլ պետք է սա անես»: Եթե զոհաբերում ես, ուրեմն միշտ մնա գիտակցված, որ քո զոհաբերության դիմաց նա պարտավոր չէ ինչ-որ բան զոհաբերել:

-Երբ ետ եք նայում Ձեր ապրած սիրային կյանքին, հնարավորության դեպքում կկրկնեի՞ք ամեն ինչ, թե՞ եղել են մարդիկ, որոնց հետ հարաբերությունները համարում եք ժամանակիկորուստ:

-Չէ, ոչ մի բան ժամանակի կորուստ չեմ համարում ու կարծում եմ այս կյանքում այն ամենն, ինչ տեղի է ունեցել, պետք էր որ տեղի ունենար: Հավատում եմ ճակատագրին, բայց հավատալով՝ գիտեմ, որ ինչ պետք է լիներ, կլինի: Մենք միայն ազատ ենք իրենց հանդեպ մեր վերաբերմունքում ու մեր ռեակցիաներում.թե ինչպես կարձագանքես ու կկառուցես դրանից հետոն, դա արդեն կոչվում է ազատ կամք և քո ձեռքերում է:

-Ասել եք, որ կնամոլ չեք.ուղղակի փնտրում եք, գտնում, հետո համոզվում, որ Ձերը չէր: Հիմա՞ էլ եք փնտրում:

-Այո, միշտ փնտրում եմ իմը: Եթե կնամոլը «բաբնիկն» է, բացարձակ կնամոլ չեմ, ուղղակի ամեն վայրկյան մտածում եմ՝ «այ հենց ինքն է»:

-Այսինքն կարող ենք հայտարարել, որ Սոս Ջանիբեկյանի սիրտն ազա՞տ է:

-Իհարկե, կարող ենք ասել, որ իմ սիրտն ազատ է, ես շատ մեծ սիրտ ունեմ: :)))