21:04 , 11 հունիս, 2014
ArmnewsTV.am-ը գրում է.
Պատվո պահակախմբից էլ շուտ, ավստրիացի զինվորներից էլ զգաստ` Երջանիկ Ավետիսյանն է Հոֆբուրգի պալատի կենտրոնը զբաղեցրել, հենց Հայաստանի դրոշի մոտ: Ավստրիայի նախագահի պաշտոնական կայքում կարդացել է` Նախագահ Սարգսյանին են սպասում: Տիկին Երջանիկի որդի Բագինը մի ժամանակ Ավստրիայի նախագահի կողքից անպակաս էր` նախկին ղեկավար Քլեստիլի թարգմանիչն էր` հայերեն–գերմաներեն և հակառակը:
Նախագահ Սարգսյանը հենց երևաց, հայ ու արտասահմանցի զբոսաշրջիկների ֆոտոապարատներն ակտիվացան: Ում կրծքին կանաչ օրիգինալ անցաթուղթ կա` լուսատեսանկարահանում է` ինչքան կուզի: 50 տարի Վիեննայում ապրող տիկին Երջանիկն ավելի զգաստացավ` Հայաստանի հիմն է հնչում: Կայսերական պալատում նախ կանգառ` Սարգսյան-Ֆիշեր լուսանկար: Նախագահները վերջին անգամ կես տարի առաջ էին առանձնացել` նոյեմբերին` Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: ԵԱՀԿ մայրաքաղաքում քննարկումներից հետո կվերահաստատեն` ՄԽ-ը լավագույն ձևաչափն է: Այս կառույցն է խնդրին լավագույնս տիրապետում:
«Այցի արդյունքներով մեր համատեղ հայտարարությամբ ամրագրված է, որ Ավստրիան՝ որպես բարեկամ երկիր, որը հետաքրքրված է մեր տարածաշրջանում խաղաղությամբ, միջազգային հարաբերություններում իր բարձր համբավին և չեզոք պետության կարգավիճակին համահունչ շարունակում է աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղված հակամարտության կարգավորմանը միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա»,-հայտարարեց Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ստորագրությունների սեղանի մոտ Էկոնոմիկայի նախարարն է հրավիրվում: Ավստրիացի գործընկերոջ հետ միանգամից մի քանի փաստաթուղթ ստորագրեց` զբոսաշրջության ոլորտում համատեղ ծրագիր, օդային տրանսպորտ: Քննարկումների կենտրոնում Մաքսային միությունն է: Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը և ԵՄ անդամ գործընկերոջը դիմել` օժանդակել Հայաստանին այդ հարցում:
«Պարոն Ֆիշերի հետ անդրադարձանք ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարներին, և ես վերահաստատեցի Հայաստանի հանձնառությունը շարունակելու ԵՄ հետ վերջին տարիներին ծավալված արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ Հայաստանն ունի առավել ժողովրդավարական կառույցներ, բաց շուկայական տնտեսություն, համեմատաբար լավ կառավարում, բարենպաստ գործարար միջավայր»,-հայտարարեց Նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրագրողները Հայնց Ֆիշերին Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումը հիշեցրեցին: Օլանդը հայտարարել էր, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում արտոնյալ պայմաններ պետք է լինեն: Ինչպիսի՞ն է Ավստրիայի մոտեցումը:
«Ես միայն խրախուսում եմ այդ մոտեցումը: Ավստրիան էլ է ուզում Հայաստանի հետ ինտենսիվ զարգացնել կապերը: Այս պայմանագրերը ապացույց»,-հայտարարեց Ավստրիայի նախագահը:
Գլխավոր հանդիպումից հետո դեպի քաղաքապետարան: Ստորագրություն Վիեննայի ոսկե գրքում և հանդիպում խորհրդարանի առաջին կին ղեկավարի հետ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ