Ուկրաինայի արևելքի քաղաքներին հումանիտար աղետ է սպառնում


17:41 , 11 հունիս, 2014

974374_31in.am-ը գրում է.

Ուկրաինայի արևելյան քաղաքների կենսապահովման կառույցները հումանիտար աղետի եզրին են: Այս մասին ասվում է Դոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Լուկյանչենկոյի՝ իր կայքում հրապարակած ուղերձում՝ հաղորդում է rbc.ru-ն:

«Քաղաքների և շրջանների կենսապահովման կառույցները հումանիտար աղետի եզրին են: Եվ ռազմական դրություն հայտարարելը, իմ կարծիքով, չի բարելավի իրավիճակը, այլ միայն կսրի այն»,- հայտարարել է Լուկյանչենկոն: Նրա կարծիքով՝ ռազմական դրությունը կհանգեցնի քաղաքների ենթակառույցների քայքայման և փախստականների անկառավարելի հոսքի: Նա նշել է, որ զինված բախումների հետևանքով հիմա տառապում է «ոչ ավել, ոչ պակաս՝ երկրի բնակչության 15%-ը», և դրա հետ մեկտեղ՝ լսելի են միայն «մոտ 7 մլն բնակչի հասցեին անջատողականության մեջ մեղադրանքներ»:

Այս կապակցությամբ Լուկյանչենկոն մտադիր է հենց Լուգանսկի և Դոնեցկի մարզերում հակամարտության կարգավորման վերաբերյալ ամենաբարձր մակարդակով բանակցություններ սկսելու խնդրանքով դիմել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, կառավարությանը և Գերագույն ռադային: Միաժամանակ, քաղաքապետի կարծիքով, անհրաժեշտ է բանակցություններին ներգրավել Ռուսաստանին և միջազգային կազմակերպություններին: «Քանի դեռ կա պատերազմին վերջ տալու գոնե մեկ հնարավորություն, այն պետք է օգտագործվի»,- հայտարարել է Լուկյանչենկոն: