Հայկական բրենդները, տնտեսության զարգացող ճյուղերն ու Երևանը՝ Forbes-ի անդրադարձում


16:50 , 11 հունիս, 2014

Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Forbes հանդեսի ռուսական ծառայությունը ծավալուն հոդված է ներկայացրել Հայաստանի, մեր երկրում բիզնես սկսելու տարբերակների, երկրի բրենդների և զարգացած ուղղությունների մասին։

Forbes-ի ռեպորտաժը Երևանից ներկայացնում ենք կրճատումներով, իսկ ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ.

«Վարդագույն քաղաք» Երևանի փողոցներում, որոնք այդպես են կոչվել տուֆի հանդեպ կառուցողների ունեցած սիրո պատճառով, հայտարարություններ կան, որոնք վերջին օրերի իրադարձությունների ֆոնին երկիմաստ են հնչում. «luxe voyage: Մոսկվա, Կրասնոդար, Ռոստով, Սիմֆերոպոլ, Խարկով, Դոնեցկ, Օդեսա»։

Իրականում «լյուքս» ավտոբուսներով մեկնում են աշխատանքային միգրանտները։ «Դա Հայաստանի լրջագույն խնդիրներից մեկն է»,-ասում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հրայր Թամրազյանը։ Երեք միլիոնանոց երկիրն ամեն տարի լքում է 30-40 հազար մարդ և մեկնում հիմնականում Ռուսաստան։

Նրանք էլ հետագայում զբոսաշրջիկներ են դառնում սեփական երկրում։ «Հայաստան ժամանածների մինչև 65%-ը սփյուռքն է»,-ասում է «Նատուրա տուր» ընկերության սեփականատերը, որը զբոսաշրջային 10 խոշոր ընկերությունների թվում է։ Հայաստանը գնահատում է հայրենասիրությունը (երկրում «Արի տուն» պետական ծրագիրն է գործում), սակայն ցանկանում է, որ միայն հայերը չգան։

1990-ականներին Հայաստանը զբոսաշրջության ժամանակ չուներ. պատերազմ Ղարաբաղում, տնտեսական շրջափակում, իսկ արդեն 2000թ.-ին երկիր է այցելել 45 հազար զբոսաշրջիկ։ Մինչև ճգնաժամային 2008թ.-ն այդ հոսքն աճել է 20-25%-ով։

Զբոսաշրջիկների մեծամասնությունն այժմ գալիս են Ռուսաստանից, երկրորդ տեղում Վրաստանն է։ 2013թ.-ին Հայաստան է ժամանել 1.9 մլն մարդ։ Նրանցից յուրաքանչյուրը միջինը 1000 դոլար է ծախսել։ Նպատակը 2030թ.-ին 3 մլն-ի հասցնելն է։

Փետրվարին Հայաստանի կառավարությունը պատվիրեց աշխատանքներ սկսել ազգային բրենդ ստեղծելու համար, որպեսզի գրավի հնարավոր ներդրողների և զբոսաշրջիկների։ Պատվերը ստացել է ամերիկյան «GK Brand»-ը, որը ղեկավարում է հայկական ծագում ունեցող Վազգեն Կալայջյանը։

Հայաստանի ամենահայտնի խորհրդանիշն Արարատն է, որը 1921թ.-ից գտնվում է Թուրքիայի տարածքում։ Երևանի բոլոր կողմերից այն երևում է՝ վառ պահելով պատմական հիշողությունը։ «Մեր կողմից այն ավելի գեղեցիկ է։ Իսկ Թուրքիայի կողմից սովորական լեռ է»,-վստահ են հայերը։

Նման բծախնդիր վերաբերմունք է նաև Լեռնային Ղարաբաղի հանդեպ։ Թշնամական ադրբեջանական աշխարհը միշտ հիշեցնել է տալիս իր մասին. տեղաբնակները պատմում են, որ սահմանից ոչ հեռու գտնվող մզկիթների մինարեթներից նամազի ձայնը բարձրախոսով է հնչում։

«Որ մեզ մոտ լսվի։ Սակայն Ալլահը նրանց հետ, Աստված՝ մեր հետ»,-ասում է էքսկուրսավարը՝ մեջքով դառնալով դեպի հարևանը։

Հայերը բրենդների շատ տարբերակներ ունեն. ծիրան, կոնյակ, հայկական խոհանոց, հումոր, հյուրընկալություն, շախմատ և հենց Հայաստանը՝ որպես քրիստոնեությունը պետական կրոն ճանաչած առաջին պետություն։

«Առաջին զբոսաշրջիկը՝ համատեղության կարգով նաև առաջին ներգաղթյալը, մեզ մոտ է եկել»,-կատակում է ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը՝ նկատի ունենալով աստվածաշնչյան Նոյ նահապետին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ