12:35 , 11 հունիս, 2014
Aysor.am-ը գրում է.
«Աստանան ռազբորկայի տեղ չէր, որ Սերժ Սարգսյանը պատասխաներ Ղազախստանի նախագահ Նազարբաևին»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած նախագահների հանդիպմանը, նաև` Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի հայտարարությանը, նման կարծիք հայտնեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը:
Նազարբաևն իր պահվածքով, ԲՀԿ պատգամավորի կարծիքով, ցանկանում էր հաճոյանալ Ադրբեջանի նախագահ Ալիևին, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ճիշտ արեց, որ չպատասխանեց. «Դա ռազբորկայի տեղ չէր, տղայական խոսակցություն չէր, որ դուրս կանչես, ինչ-որ բան ասես. Սա քաղաքականություն է»:
Ասուլիսին մասնակից ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանն էլ իր հերթին ասաց, որ Աստանայում արտառոց ոչինչ տեղի չի ունեցել:
«Սա այն դեպքը չէ, որ հենց այդ պահին պետք է պատասխան տալ: Անիմաստ նամակ էր, իսկ եթե այդ պահին պատասխանեինք, ապա ավելի կարժեևորեինք այդ անիմաստ նամակը»,- ասաց ՀՀԿ պատգամավորը` մեջբերելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե «Նազարբաևի ասածը տհաճ էր, բայց ոչ վնասկար»:
Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է արդյոք անդամակցել մի միության, որտեղ Նազարբաևը ստանձնել է Ադրբեջանի փաստաբանի դերը, ՀՀԿ պատգամավորն ասաց, որ, այդ նամակն ընթերցելով, Նազարբաևի հեղինակությունը չի բարձրացել:
«Նազարբաևի հայտարարությունն անհարկի էր, որը չէր առնչվում ԵՏՄ-ի հետ»,- եզրափակեց խոսքը Տաճատ Վարդապետյանը: