11:09 , 11 հունիս, 2014
Պիտի ենթադրեմ եւ ցաւ յայտնեմ, որ մեր «ազատ եւ անկախ» Հայաստանում, մեծ հաւանականութեամբ, Տէր Մանուկին եւս իշխանութիւնները կանչած են ոստիկանատուն, եւ տարատեսակ սպառնալիքներով ստիպած, որ նա հերքի իր վերջերս ստորագրած «Հայկական եկեղեցական կրկեսում կարող են նոր հաջողություններ արձանագրվել» խորագրով յօդուածը: Այլապէս, իր այս մեղայագրից աւելի ստոր ստրկահոգութիւն կարելի չէ պատկերացնել (Աբէլ քահանայ Մանուկեան): Այնքան էլ հաճելի չէր իհարկե նման մեկնաբանություն ընթերցելը: Եթե իսկապես ոստիկանատուն կանչած լինեին և տարատեսակ սպառնալիքներով ստիպած լինեին, որ հերքեմ իմ վերը նշած հոդվածը և վախից հերքեի ու դեմ գնայի սկզբունքներիս, ապա կընդունեի, որ դա «ստոր ստրկահոգություն» էր: Սակայն ես պարզապես հարցերին նայել էի մեկ այլ հարթությունից, ինչի համար առիթ էր հանդիսացել միայն առողջ քննադատությունները, որոնք շատ հեռու են սպառնալիքներից` առավել ևս ոստիկանատներից հնչեցված: Վերը նշած հոդվածս իսկապես փոքր-ինչ կոպիտ էր ձևակերպված, և ինչպես մեկնաբաններից Ալինա Գրիգորյանն էր նշել, «немного перестарался». Ի՞նչ խնդիր կա, եթե ներողություն ենք խնդրում այն մարդկանցից, ում ինչ-որ կերպ վիրավորել ենք խոսքով կամ գործով: Ամեն ինչ իր չափի մեջ է գեղեցիկ, և եթե մարդկայնորեն ինչ-որ տեղ չափն անցել եմ ու քրիստոնյաին ոչ վայել արտահայտություն կամ արարք եմ թույլ տվել, որի համար բարեկամներս, հարազատներս, ինձ ծանոթ ու անծանոթ մարդիկ անկեղծորեն հայտնել էին իրենց տարակուսանքը իմ անվայել քայլի համար` մի՞թե ես պետք է արհամարհեի ու հաշվի չնստեի իմ հարազատների ու ընթերցողների կարծիքի հետ: Բնականաբար, պետք է հաշվի նստել: Բայց վերջնական որոշումս կայացրեցի՝ հաշվի նստելով նաև իմ խղճի հետ, և Վեհափառ Հայրապետից ներողամտություն հայցեցի իմ խղճի մտոք: Ես պարզապես կարողացա հանել իմ մեջի ատելությունը առանց ինքս ինձ վնասելու: Մեր Սուրբ եկեղեցու ապագայի վերաբերյալ իմ սկզբունքներն ու համոզումները նույնն են և անփոփոխ, սակայն որևէ գործող կամ չգործող հոգևորականի մասին, առավել ևս Վեհափառ Հայրապետի մասին հրապարակայնորեն արտահայտվելիս դեն շպրտենք մեր մեջից ատելությունն ու բարկությունը: Եթե Մայր Աթոռը պնդում է, որ ես կարգալույծ եմ, խնդիր չկա, ընդունում եմ իմ կարգալույծ լինելուս հանգամանքն ու Սրբալույս Մյուռոնը ափերիս ու ճակատիս շարունակում եմ ապրել ու գործել իմ ավազանի անունով: Ես այլևս Տեր Մանուկը չեմ, ես Գենադի Մնացականյանն եմ և դրանից ես ինձ բոլորովին վատ չեմ զգում, ինձ այդպես իմ հարազատ մայրն է կոչել: Ո՞րն է այստեղ խնդիրը, ինչու՞ անիմաստ ժամանակ ու նյարդեր վատնեմ, եթե իմ ավազանի անունը կրելով, իմ առաքելությունն ու փրկությունը չի խափանվում, և եթե ես իմ ավազանի անունը կրելով, նույնպես կարող եմ որպես Հայ եկեղեցու հավատավոր զավակ իմ զորակցությունը բերել առանց այն էլ բազմաթիվ ներքին ու արտաքին մարտահրավերների առաջ կանգնած մեր Սուրբ Եկեղեցու առաքելությանը: Սակայն սա չպետք է առիթ հանդիսանա տարատեսակ հակաեկեղեցական տարրերին հոխորտալու Հայ եկեղեցու և Վեհափառ Հայրապետի վրա ու ինձ էլ նկատելու իբրև իրենցից մեկը կամ օգտագործելու իմ հոդվածները իրենց պառակտիչ գործունեության մեջ: Թեև կարճ ժամանակով, բայց ես սնվել ու ապրել եմ Մայր Աթոռում, և այնտեղ բնակվող ու գործող յուրաքանչյուր ոք իմ եղբայրն ու իմ հոգևոր հայրն է: Աստված Ամենագետ է: Ես, բնականաբար, շատ կուզեմ, որ Վեհափառ Հայրապետը ներողամիտ գտնվի իմ հանդեպ, սակայն վստահ եմ, որ Ամենատես Աստված իմ մեղայագիրը չի անտեսի, քանի որ Նա ստուգապես գիտի ամեն բան ու երբեք ենթադրություններ չի անում: Գենադի Մնացականյան