00:51 , 11 հունիս, 2014
Lurer.com-ը գրում է.
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև «ռազմավարական գործընկերությանը» վերադառնալը ներկա այս փուլում հնարավոր չէ: Այս եզրակացությունն է բովանդակում ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության կողմից հրապարակված զեկույցը, որ վերաբերում է անվտանգության հարցերին: Այն մի խումբ փորձագետների կողմից հատուկ պատրաստվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի համար:
«ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը «ռազմավարական գործընկերությանը» չեն կարող վերադառնալ, քանի դեռ ՌԴ-ի ղեկավարությունն այնպիսի գործողություններ է իրականացնում, որոնք սպառնում են Եվրոպայի անվտանգությանը և անդրատլանտյան հանրակցության համոզմունքների լիակատար հակադրությունն են»,-նշվում է փաստաթղթում:
Դրանում ընդգծվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չպետք է Ռուսաստանի հետ համագործակցությունից ազգային տնտեսական շահերը բարձր դասեն հավաքական պաշտպանության հարցում իրենց պարտավորություններից:
Դրա հետ մեկտեղ, զեկույցի հեղինակներն անհրաժեշտ են համարում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի (ՌՆԽ) շրջանակներում դեսպանների և ավելի բարձր մակարդակով պահպանել փոխգործակցությունը, որպեսզի ապահովվի գործողությունների համակարգման հնարավորությունը միջազգային անվտանգության այն մարտահրավերներին հակազդելիս, որոնք երկուստեք անհանգստություն են առաջացնում, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: