13:39 , 10 հունիս, 2014
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը աչքի է ընկնում իր ոճային կոշիկներով: Նորաձևության մի շարք մասնագետներ են աշխատում թագուհու հետ: Նրանք ոչ միայն դիզայներական աշխատանք են կատարում, այլև համակարգչային բազայում ցուցակագրում են, թե նա երբ ինչ է հագել և ինչու: Այս կերպ նրան հաջողվում է նույն հանդերձանքով մի անգամից ավելի երբեք չներկայանալ միանման միջոցառումներին:
Նրա թագավորական ոտքերի ապահովությունն ու հարմարավետությունն ապահովելու համար հատուկ զգուշավորություն է ցուցաբերվում: Նա չի կարող միջոցառման կեսից հանել կոշիկները՝ պատճառաբանելով, թե ոտքերը ցավում են: Նոր կոշիկները հաճախ կոշտ են լինում ու սկզբնական շրջանում ցավեցնում են մարդկանց ոտքերը: Այս վտանգը թագուհուն չի սպառնում: Նա մի ծառայող ունի, ով սկզբնական «ցավոտ» շրջանում կրում է իր նոր կոշիկները: Թագուհին միայն այն ժամանակ է սկսում դրանք կրել, երբ դրանց կոշտությունն անցած է լինում:
Բարձրակրունկ կոշիկներն ի սկզբանե տղամարդկանց, մասնավորապես՝ պարսիկ զինվորների համար են նախատեսված եղել: Կանայք միայն 1630-ականներին են սկսել բարձրակրունկ կոշիկներ կրել: Այդ ժամանակից ի վեր բարձրակրունկ կոշիկները կանացի նորաձևության անբաժան մասն են կազմել: Ոմանք բարձրակրունկները համարում են տանջանքի, մյուսներն էլ՝ հզորության ու սեքսուալ գրավչության խորհրդանիշ: Այնուամենայնիվ, գեղեցկությունը երբեմն թանկ է նստում մեզ վրա: Բարձրակրունկ կոշիկներով քայլելը բավականին դժվար, երբեմն նաև ցավոտ է, հատկապես այն դեպքում, երբ ոտքերի հետ կապված խնդիրներ կան:
Ներկայումս վիրահատական միջամտության շնորհիվ հնարավոր է փոխել ոտքի կառուցվածքն ու չափսը: Այս տեսակի վիրահատությունները կոչվում են «Մոխրոտիկի վիրահատություն»: Դրանցից հետո կանայք ավելի հեշտությամբ են կրում բարձրակրունկ կոշիկներ: Կան պարզ վիրաբուժական ընթացակարգեր, օրինակ՝ hallux valgus-ի շտկում, կոլագենի ներարկում և այլն:
Ամենաշոկային վիրահատությունը կապված է ոտքերի մատների հետ: Օրինակ, եթե կնոջ ձախ ոտքի մի քանի մատներն ավելի երկար են, քան մյուսները, բժիշկները կարող են մի քանի սանտիմետրով կարճացնել այդ մատները: Որոշ կանայք անգամ որոշում են վիրահատական միջամտության շնորհիվ հեռացնել իրենց ճկույթը: Բազմաթիվ մասնագետներ ասում են, որ այս վիրահատությունները վտանագավոր են: Իսկ մի կին վիրահատությունից հետո ասել է. «Մի՛ շտապեք դատել, քանի դեռ ինքներդ չեք տառապել ոտքերի հետ կապված խնդիրներից, չեք զգացել սուր ցավ և չեք կարողացել Ձեզ հարմար կոշիկ գտնել խանութներում»:

Թեպետ վերջին մի քանի հազար տարիների ընթացքում տեխնոլոգիան զգալիորեն զարգացել է, մարդկային բնությունը գրեթե անփոփոխ է մնացել: Սրանում համոզվելու համար դիտարկենք հռոմեացիների օրինակը: Նրանք նույնքան բծախնդրորեն էին հետևում նորաձևությանը, որքան և մենք: Երբ նրանք արթնանում էին առավոտյան, նրանք այնպես էին պճնվում, որ տպավորություն գործեին բոլորի վրա: Կոշիկները մեծ նշանակություն ունեին հռոմեացիների կյանքում: Թե՛ պլեբեյները, թե՛ պատրիկները գիտեին, որ կոշիկները շատ կարևոր մեսիջ (ուղերձ) էին պարունակում: Ինչպես ներկայումս, այնպես էլ այն ժամանակ, կոշիկները բոլորին թույլ էին տալիս հասկանալ, թե ով էր դրանց կրողը և ինչ կարողության տեր էր նա:
Ըստ որոշ հնագետների՝ հռոմեացի երեխաները այնպիսի կոշիկներ էին կրում, որոնք շատ նման էին իրենց ծնողների կոշիկներին: Սա պայմանավորված չէր երեխաների՝ մայրիկին կամ հայրիկին նմանվելու ցանկությամբ: Այս կոշիկների միջոցով դրանք կրողը փաստում էր. «Ես պատկանում եմ այսինչ սոցիալական դասակարգին»:
Երբ գիտնականները հայտնաբերեցին Ֆլավիուս Սերիալիսի կացարանը, նրանք հայտնաբերեցին երեխայի կոշիկ, որը կարծես այս մեծահարուստ մարդու կոշիկի մանրակերտ տարբերակը լիներ: Թեպետ այդ կոշիկը նախատեսված էր մի փոքրիկ երեխայի համար, ով դեռ նույնիսկ քայլել չէր կարողանում, այն պատրաստված էր թանկարժեք կաշվից, իսկ դրա ներբաններն ամրացված էին պողպատե գամերով: Երբ հնագետները գնացին զորանոցները, նրանք հայտնաբերեցին մանկական կոշիկներ, որոնք նման էին միջին խավի հռոմեացի զինվորների կոշիկներին: Զինվորներն իրենց երեխաներին հագցնում զինվորական կոշիկներ՝ սոսկ աշխարհին ցույց տալու համար, որ երեխայի հայրիկը զինվոր է: Վերջերս պարզ է դարձել նաև, որ հռոմեացիները սանդալների տակից գուլպա էին կրում:
Հիշո՞ւմ եք «Ոսկու տենդը» կինոնկարի այն տեսարանը, երբ Չարլի Չապլինն ուտում է իր կոշիկը: Չապլինի մոտ մարսողական խնդիրներ չառաջացան, քանի որ այդ կոշիկը պատրաստված էր մատուտակից: Կինոռեժիսոր Ուերներ Հերցոգն այդքան բախտավոր չէր:
Նա այնպիսի հայտնի կինոնկարների ռեժիսորն է, ինչպիսիք են «Ագիրե, Աստծո ցասումը», «Գրիզլի-մարդը» և այլն: Մի օր Հերցոգի հետ խոսելիս Էրոլ Մորիսը նրան պատմել է, թե որքան դժվար է ֆինանսավորում գտնել իր կինոնկարների համար: Հերցոգը Մորիսին հորդորել է չհիասթափվել և շարունակել փորձերը, ապա ավելացրել, որ եթե նրան երբևէ հաջողվի ավարտին հասցնել որևէ կինոնկար, ինքը կուտի իր կոշիկը:
Այս գրազից հետո՝1978 թ.-ին, Մորիսն ի վերջո թողարկեց «Դժոխքի դարպասները», որն իր բազում փաստագրական կինոնկարներից առաջինն էր: Հավատարիմ մնալով իր խոսքին՝ 1980 թ.-ին Հերցոգը եփեց իր կոշիկը սխտորով և բադի ճարպով: Երբ «ճաշատեսակը» պատրաստ էր, նա սկսեց ուտել այն:

Բիլ Նայը աշխարհի ամենահայտնի գիտնականներից է: Վերջերս նրա հռչակն աճել է այն բանից հետո, ինչ նա սկսել է ակտիվորեն մասնակցել հանրային բանավեճերին: Նա մասնակցել է նաև «Երբ պարում են աստղերը» հեռուստաշոուին և լուսանկարվել Ջեյ Զիի հետ: Այնուամենայնիվ, նրա հիմնական զբաղմունքը պուանտների ստեղծումն է:
Նայը շատ է անհանգստանում բալետի պարուհիների ոտքերի մասին: Նա մի անգամ մի շատ մտահոգիչ բան նկատեց բալետի հերթական ներկայացումից հետո. բալետի պարուհիներից շատերի կոշիկներն արյունոտված էին: Բիլը հասկացավ, որ երբ պարուհիների ողջ մարմնի ծանրությունը մնում է ոտքերի մատների վրա, նրանց ոտքերը վնասվում են: Նայը որոշեց բալետի ավելի լավ կոշիկներ ստեղծել պարուհիների համար: Այս կոշիկները կոչվում են Toe Shoe (թարգմանաբար՝ ոտքերի մատների կոշիկներ): Այս կոշիկները հատուկ արկղ ունեն, որոնք պաշտպանում են ոտքերի մատները՝ փրկելով բալետի պարուհիներին ծանր վնասվածքներից:
Շարունակելի...