13:12 , 10 հունիս, 2014Panorama.am-ը գրում է.
Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման վերաբերյալ առաջին շշուկն անգամ մեծ անհանգստություն առաջացրեց հանրային լայն շրջանակներում: Առհասարակ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ էլեկտրաէներգիայի, գազի, դիզվառելիքի, բենզինի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների ու ծառայությունների գների չնչին բարձրացումն անգամ հանգեցնում է հանրային լայն դժգոհության: Դա իհարկե օրինաչափ է, քանի որ լայն սպառում ունեցող վերոթվարկված ապրանքների գների փոփոխությունը անմիջապես ազդում է շարքային քաղաքացու «գրպանի» պարունակության վրա: Այս առումով պետության առաջ դրված կարևոր խնդիրներից է բոլոր հնարավորություններից ընտրել այնպիսիք, որոնք կապահովեն թե էներգառեսուրսների անխափան մատակարարում, և թե խելամիտ գների սահմանում:
Մյուս կողմից էներգառեսուրսների հասանելիության և մատչելիության հարցերը պետք է դիտարկել ավելի լայն` էներգետիկ անվտանգության, ազգային անվտանգության տեսանկյունից: Շրջափակման մեջ և պատերազմի սպառնալիքի պայմաններում գտնվող երկիրը պետք է առնվազն առաջիկա տարիների համար հստակեցրած լինի թե մատակարարման ու ստացման աղբյուրները, և թե սակագները, և իհարկե հնարավոր փոփոխություններին այլընտրանքներ գտնելու ռազմավարությունը: Քանի որ Հայաստանը մեծապես կախված է էներգակիրների ներմուծումից, մասնավորապես՝ գազի, և վերջինիս սակագնի սահմանման հարցը պետք է լինի կառավարության ռազմավարության առաջնահերթությունների շարքում, այդ իսկ պատճառով քննության կառնենք գազի թանկացման հնարավոր տարբերակները:
2013թ-ի դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարած պետական այցի շրջանակներում կնքվեց գազային համաձայնագիր, որով Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանվում էր 189 դոլար` 1000 խմ դիմաց: Այս իմաստով հստակություն մտցվեց սակագնի սահմանման հարցում և համաձայնագիրը լայն հանրության կողմից ընկալվեց որպես գազի գնի ֆիքսում մինչև 2018թ-ը: Ընդ որում այդ համոզմունքը ավելի խորացրեց էներգետիկայի նախկին նախարարը, որը համաձայնագրի կնքումից երկու շաբաթ անց հայտարարեց, որ գազի գինը անփոփոխ է մնալու մինչև 2018թ-ը:
Սակայն իրականությունը այլ է, և համաձայնագրով Հայաստան մատակարարվող գազի սակագինը մինչև 2018թ-ը փոխկապված է Ռուսաստանի Օրենբուրգի մարզի ներքին գների հետ: Հետևաբար, գազի սակագինը ոչ թե անփոփոխ կմնա առաջիկա 4 տարիներին, այլ փոփոխություն կկրի այնքանով, որքան կտատանվեն Օրենբուրգի մարզի ներքին սակագները: Իսկ գազի թանկացումն Ռուսաստանում անխուսափելի է և արդեն ընթացքի փուլում է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ