11:40 , 10 հունիս, 2014
Lurer.com-ը գրում է.
Հայ բարեգործական ընդհանուր միությունը դատապարտել է Հալեպի Նոր Գյուղի և այլ հայաշատ թաղամասերի հրթիռակոծությունները և պատրաստակամություն է հայտնել օգնության արտակարգ միջոցներ ձեռնարկել:
Հայտարարության մեջ նշվել է, որ հուժկու և կործանիչ ռմբակոծությունների և պայթյունների պատճառով ամեն օր անմեղ և անզեն խաղաղ բնակիչներ են զոհվում, գաղթական են դառնում հարյուր հազարավոր սիրիացիներ, ավերվում են քաղաքներ, քանդվում են շենքեր, տներ, հաստատություններ և թաղամասեր՝ մահ և ավեր սփռելով Սիրիայի տարածքում:
Պատերազմական գործողությունների ծավալվելուն զուգահեռ, Հալեպի վերին շրջանը, մասնավորապես Նոր Գյուղի հայահոծ շրջանը, դավադիր հրթիռների և հրասանդների թիրախ է դարձել՝ խլելով անմեղ հայորդիների կյանքեր, նյութական ծանր վնասներ է հասցրել հայկական վարժարաններին, եկեղեցիներին և ազգային հաստատություններին, հրո ճարակ է դարձրել, ամբողջովին կամ մասամբ ավերել է մեր հայրենակիցների բնակարանները, գործատեղիները, խանութները և իրարահաջորդ սերունդների քրտինքով ստեղծված նրանց սեփականությունները:
Հալեպի Նոր Գյուղի հարյուրավոր հայ ընտանիքներ, ճարահատյալ և մազապուրծ, ապաստան են գտել համեմատաբար ավելի ապահով թաղամասերում:
ՀԲԸՄ-ն խստորեն դատապարտել է սիրիական պատերազմի առաջին իսկ օրից երկրի անդորրության և խաղաղության կողմնակից սիրիահայության դեմ ուղղված քստմնելի բոլոր հարձակումները: Սիրիահայ խաղաղ քաղաքացիների բնակավայրերի դեմ գործողությունները, որոնք սկիզբ են առել Քեսաբի վրա հարձակումով, այսօր կշարունակվեն Նոր Գյուղի և Հալեպի հայաբնակ այլ շրջանների վրա հրթռիներ և հրասանդների արձակումով, որոնք լրջորեն սպառնում են սիրիահայության և, մասնավորապես, հալեպահայության ֆիզիկական գոյության և կյանքի ու ապրելու իրավունքին:
ՀԲԸՄ-ն միջազգային հանությանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու պատերազմական գործողությունները, խաղաղ բնակչության դեմ ուղղված ու միջազգային իրավունքով դատապարտելի բռնարարքները նաև զինադադար կնքելու ուղղությամբ, որպեսզի հնարավոր լինի կենսական մարդասիրական օգնություն հասցնել կարիքավորներին:
Միությունը շարունակում է սիրիահայության մարդասիրական կարիքները հոգացող իր ծրագրերը: Նյութական ու բարոյական հնարավոր աջակցություն է ցուցաբերում մեր հայրենակիցներին: Հ.Բ.Ը.Մ.-ն միևնույն ժամանակ իր պատրաստակամությունն է հայտնել Հալեպի և Նոր Գյուղի մեր քույրերին և եղբայրներին օգնության արտակարգ միջոցներ կազմակերպելու նպատակով սերտորեն համագործակցել ազգային բոլոր մարմի նների և կառույցների հետ: