20:30 , 9 հունիս, 2014
Դատարանը քիչ առաջ որոշում ընդունեց Վերնիսաժի գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով:
Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանության մեջ մեղադրվող Ներսես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը, ինքն անպայման բողոքարկելու է առաջին ատյանի դատարանի այս որոշումը Վերաքննիչ դատարան:
Դատարանն այս որոշումն ընդունել է՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:
Ըստ պաշտպանի՝ ինքը վիճարկելու է նաև այն փաստը, որ դատարանի հիշյալ որոշումը հրապարակվել է 17:10-ին, այսինքն՝ իր պաշտպանյալն անօրինական կերպով երկու ժամ տասը րոպե գտնվել է անազատության մեջ:
Ներսես Մելքոնյանը ձերբակալվել է հունիսի 6-ին ժամը 15:00-ին, այսինքն՝ 15:10-ին, երբ սկսվել է դատական նիստը, արդեն իսկ նա օրենքի ուժով պետք է ազատ արձակված լիներ, քանի որ նրա հանդեպ խափանման միջոց ընտրված չէր: